Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել էր «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը: Այս մասին տեղեկացնում է yerevan.today-ը:

«Այսօր գրեթե 30 տարի անց մենք կրկին հավաքվել ենք, եւ հավաքվել ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար: Ղարաբաղցիները իրենց ղեկավարներին չեն գցում: Միշտ ցույցերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կանգնել էր մեր կողքին եւ ելույթ էր ունենում, իսկ հիմա մենք պահանջում ենք անհապաղ նրա ազատ արձակումը: Սա Արցախի ձայնն է եւ այն պետք է լսելի լինի»,- ասաց Գրիգորի Աֆանասյանը:

«30 տարի առաջ մենք հաղթեցինք, որովհետեւ մենք եղանք միասնական, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ընդամենը 33 տարեկան էր: Նա չվախեցավ մեծ պատասխանատվությունից եւ այդ բեռը վերցրեց իր վրա: Ճիշտ է՝ իր կողքին կային մեծ եւ պատասխանատու մարդիկ, բայց այդ տարիքում վերցնել պատասխանատվությունը, նշանակում է ունենալ տղամարդկություն, կամքի ուժ եւ սեր ժողովրդի նկատմամբ: Այդ ժամանակ մեզնից ոչ ոք չգիտեր, որ 30 տարի հետո մենք հավաքվելու ենք հրապարակում եւ պահանջելու ենք ազատություն մեր հերոսին, Արցախի հերոսին: Նա մեր հերոսն է»,- ելույթում ասաց ակցիայի մասնակից Վերա Խաչատրյանը:

«Այսօր մենք ապրում ենք շատ մեծ ցավ: Այստեղ երկար տարիներ ղեկավարել է Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանը: Նա երիտասարդ տարիքում ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել է, պատվով է կատարել՝ սկսած արցախյան շարժումից, այն օրերից, երբ մարդիկ հավաքվել եւ միասնական Հայաստան են կանչել: Հայաստանից են նրան կանչել, որ Հայաստանում նա ղեկավարի եւ այսօր նա մեր շարքերում չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատել այդ մարդուն, քանի որ թուրքը մի քանի քայլ այն կողմից տեսնում է եւ ուրախանում, որ իր ազգն է իր հերոսին դատապարտում: Ես խնդրում եմ եկեք մինչեւ վերջ կանգնենք եւ մեր պայքարը շարունակենք»,- ասաց ակցիայի մասնակից Ալեքսանդր Հայրապետյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի անգամ ոտքով Ստեփանակերտից կարող են հասնել Երեւան, այդտեղ էլ ցույցեր անել, որպեսզի ազատենք Ռոբերտ Քոչարյանին:


