«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել արտասահման: Նա հոգնել է պայքարել բարեգործական երթուղիների դեմ և որոշել է արտագաղթել Հայաստանից: Այդ մտադրությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ անդամ Արթուր Հարությունյանի հետ:
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից:
- (Ծիծաղում է- խմբ.) Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ոնց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել:
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել:
- Ես երեք օրով եմ գնացել Դուբայ ու վերադարձել եմ, կնոջս հետ եմ գնացել, չի՞ կարելի: Չէ, Ձեր ասածն ընդհանրապես իմ մեկնելու և վերադառնալու հետ կապ չունի: Մարդ ու կին գնացել ենք, 3 օր հանգստացել ու վերադարձել ենք:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք Դուբայում հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
- Ես Գագիկ Ծառուկյանին չեմ ճանաչում:
- Ձեր քավորին չե՞ք ճանաչում:
- Ես ոչ մեկին չեմ հանդիպել, մենք գնացել ենք, հանգստացել ենք, ես ոչ մեկին չեմ հանդիպել և ոչ էլ ցանկություն եմ ունեցել այնտեղ որևէ մեկին հանդիպել: Սուտ պրովոկացիոն տեղեկություններ են, երևի ԲՀԿ-ն է այդ տեղեկությունները տարածել, hա՞: Ես հայտարարում եմ ավտարիտետնի` ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:
- Այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Ծառուկյանի հետ:
- Սենց ասեմ` նորմալ կամ աննորմալ, ո՞նց եք ուզում լսեք: Մենք ոչ մի հարաբերություն չունենք իրար հետ ու չենք էլ ունեցել:
- Բարեգործական երթուղիների հետ կապված հարցն արդեն լուծվե՞լ է:
- Եթե լուծված լիներ, այդ երթուղիները չէին աշխատի: Բացի էդ, ասեմ, որ բարեգործական երթուղիների մեղավորն էլ իրենք են. մարդկանց ձեռքից ունեցվածքը վերցրել են, դրա համար էլ մարդիկ չունևոր են դարձել ու ձրի ավտոբուս են նստում:
- Բա ասում էին` Դուբայում ԲՀԿ առաջնորդի հետ կարգավորել եք հարցերը:
- Ես արդեն ջղայնանում եմ, նման բան գոյություն չունի: Հայաստանում լիքը գործեր ունեմ անելու, ես ոչ մի նպատակ չունեմ երկրից տեղափոխվելու, բիզնես տեղափոխելու, թող իրենք մտածեն իրենց բիզնեսները տեղափոխելու մասին: Իրենք են իրենց բիզնեսները Բելառուս ու Բուլղարիա տեղափոխել, բայց իրանք էլ անունով պատգամավոր են, պտի աբովյանցիների համար աշխատատեղ բացեն: Ես ոչ մի մտադրություն չունեմ Հայաստանից հեռանալու, ես մնալու եմ, աշխատելու եմ ու իմ ժողովրդի համար ամեն ինչ անելու եմ: Մենք հայ ենք, ապրում ենք, աշխատում ենք: Գագիկ Ծառուկյանը թող մտածի իր բիզնեսը տեղափոխելու մասին: