▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաքարի ավագանու անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է

«Հետք»-ը գրում է. «Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանն առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: Ավագանուն դուր է եկել այդ առաջարկությունը և որոշել է հողամասն օտարել: Որոշմանը կողմ է քվեարկել նաև Գևորգ Խաչատրյանը: Սակայն, աճուրդի ժամանակ նշված հողատարածքը գնել է հենց Գևորգ Խաչատրյանը:
Համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող հողատարածքն օտարելու առաջարկությունը Գևորգ Խաչատրյանը ներկայացրել է Փարաքարի ավագանու 2023թ. նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ: 0.25 հա մակերեսով «այլ հողատեսք գործառնական նշանակության» հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանվել է 350 հազ, դրամ, իսկ օտարման նպատակը եղել է անասնագոմ կառուցելը:

Աճուրդը կայացել է 2024թ. հունվարի 29-ին և հաղթող է ճանաչվել հողն աճուրդով վաճառելու առաջարկ ներկայացրած ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը: Այդ ժամանակ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը որոշում է կայացրել աճուրդով վաճառքի հաղթող Գ. Խաչատրյանին հողամասն օտարելու մասին: Որոշման մեջ նշված չէ, թե ինչ գնով է հողամասը վաճառվել:
Գևորգ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե հողամասը գնել է մոտ 400 հազ. դրամով: Ավագանու անդամը հերքեց, թե ինքն է ավագանու նիստի ժամանակ առաջարկել նշված հողատարածքը վաճառել՝ մոռանալով, որ այդ մասին նշված է նաև ավագանու որոշման մեջ:

Գևորգ Խաչատրյանն ասում է, որ իր գնած հողատարածքը քարքարոտ, չմշակվող տեղում է, ներդրումներ են պետք այն նորմալ տեսքի բերելու համար: Ավագանու անդամն ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ ինքն է հողատարածքը գնել:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը, լինելով ավագանու անդամ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում է գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին