Կառավարության ծրագրի 2019 թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները շարունակում են ելույթներ ունենալ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հիշեցրեց Կառավարությանը 2019թ․-ի ծրագրի մասին ու ընդգծեց, որ գործադիրը հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով մտադիր էր գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման և բացառման ուղղությամբ։

Սակայն, պատգամավորը թվեր ներկայացրեց, որոնց համաձայն՝ հանցագործությունների թիվն աճել է։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հիշեցրեց վերջերս Գավառում տեղի ունեցած սպանությունները և հիվանդանոցի վրա հարձակումը։
Տիկին Սամսոնյանը, շարունակելով ելույթը, հավելեց, թե չի պատկերացնում, որ այն համակարգում, որում վարչապետը դավաճաններ է փնտրում, մարդիկ պիտի աշխատեն ու թալանածը հետ բերեն։
Անի Սամսոնյանը հարց ուղղեց, թե ո՞րն է այս պահին կաևորագույն ինստիտուտը՝ իրավապահ համակա՞րգը, թե մարզպետարանները։
«Ինչի՞ համար են մարզպետները պարգևավճար ստանում՝ կոկորդիլոս բուծելու համա՞ր, համայնքի ղեկավարների վրա հոխորտալո՞ւ, թե՞ ներդրումային սպամեր անելու համար։ Այդ փողը վերցրեք ու տվեք իրավապահ համակարգին՝ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, թող աշխատեն ու երկրի թալանածը հետ բերեն»,- շեշտեց Անի Սամսոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում


