Այսօր կեսօրին պարտքի պատճառով հոսանքազրկվել էր «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում:

«Հետք»-ն է գրում այդ մասին ու նշում, որ «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը կայքին ահազանգել էր, որ հոսանքազարկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:
«Ուլտրաիմիջինգ» -ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմել է , որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,- պատմել է Արամ Քոչարյանն ու նշել է, որ փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:
Արամ Քոչարյանը նաև պատմել է, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:
Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:
«Ուլտրաիմիջինգ» -ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:
«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,- նշել է Արամ Քոչարյանն ու տեղեկացրել է, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70% աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:
«Ուլտրաիմիջինգ» կենտրոնից ավելի ուշ տեղեկացրել են, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:
Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:
«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունն ասում է, որ ստեղծված իրավիճակը երկրի և ՀԷՑ-ի ղեկավարության, ինչպես նաև պարետի և հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


