▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել են 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի մանրամասները

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
 
2015թ. ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ:
 
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 21-ամյա երիտասարդը վիրահատվելուց հետո ի վիճակի չի եղել ցուցմունք տալ կամ պատասխանել հարցերին:
 
Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է, որ Ա.Խաչիկյանը մարմնական վնասվածքն ստացել է 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, թիվ 111  դպրոցի մոտ։ Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչիկյանը Լուկաշինի փողոցի մոտ գտնվող դեղատան մոտ հանդիպել է 5-6 անծանոթ տղաների, որոնց հետ վիճաբանություն է սկսվել իր հասցեին հնչած ռեպլիկի պատճառով: Պարզաբանելու և խոսակցությունը շարունակելու նպատակով գնացել են թիվ 111 դպրոցի հետնամաս։ Խոսակցությունը վերածվել է  ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Ա.Խաչատրյանին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք։
 
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում 2015 թվականի ապրիլի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ինքնակամ ներկայացել է անչափահաս, 15-ամյա պատանին  և ձերբակալվել։ Նա խոստովանել է, որ 2015 թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել Ա.Խաչատրյանին՝ հայհոյելու համար: Դեպքից հետո անչափահասը  մեկնել է տատիկի տուն։  Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: Նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն։
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա անչափահասին մեղադրանք է առաջադրվել Խաչատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Հաշվի առնելով, որ մեղադրյալն անչափահաս է, ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ հիմքեր չկան կասկածելու, որ կարող է թաքնվել քննությունից՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը։
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին