«Փաշինյան-Արզաքանցյան «համագործակցության» գաղտնազերծումը». Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Արզաքանցյան «համագործակցության» գաղտնազերծումը
Վերջերս, երբ Տիգրան Արզաքանցյանը հանդես եկավ կուսակցություն հիմնադրելու նախաձեռնությամբ, տարբեր տեսակետներ հնչեցին, թե ինչպես և ինչու Արզաքանցյանը հայտնվեց Փաշինյանի կողքին։
2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր երերուն «պողպատե» մանդատը թվացյալ ամրացնելու նպատակով նախաձեռնեց արտախորհրդարանական կուսակցությունների ձևաչափով հավաք, որտեղ որպես Դեմոկրատական կուսակցության առաջին համար էր մասնակցում Արզաքանցյանը։ Իսկ, երբ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ Արզաքանցյանը լիազորված չէ այդ հավաքին մասնակցելու, անգամ այդ դեպքում շարունակվեց նրա հրավերքներն ու մասնակցությունները այդ ձևաչափով հավաքներին։
Չքննարկելով համացանցում տարածված տեսակետները՝ կներկայացնեմ Փաշինյան-Արզաքանցյան «համագործակցության» շարժառիթները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլը և իր աղետաբեր խմբակն այլևս չարիք են մեր պետականության համար, 2021թ-ին որոշեցի որևէ ձևով չհարաբերվել նրանց հետ և օրենքով սահմանված կարգով վաճառքի հանեցի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ ինձ պատկանող 10 տոկոս փայաբաժինը, բնականաբար, հայտնվեցին գնորդներ, որոնցից մեկն էր Տիգրան Արզաքանցյանը, մենք շատ մոտ էինք գործարքի իրականացմանը։ Ընտրություններից հետո Տիգրան Արզաքանցյանը, չհանդիսանալով որևէ կուսակցության անդամ, ինչպես վերևում ասվեց, հայտնվեց վարչապետի ձևավորած արտախորհրդարանական ուժերի հավաքին, որից հետո մոռացվեց նախատեսված գործարքը։
Հ․Գ․ Փաշինյան-Արզաքանցյան վերոշարադրյալ «համագործակցությունը» կարող ենք որակել՝ վարչապետի կողմից հովանավորչություն, կոռուպցիա և այլոց տնտեսական գործունեությանը խոչնդոտելու բացահայտ դրսևորում»։