▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանական խամաճիկներն ու՜ր, ազգային շահերով առաջնորդվող կառավարությունն ու՜ր․․․

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում.

«Ճանապարհը բացվելուն պես Արցախում պետք է իրականացնել տասնյակ մեծ ու փոքր նոր նախաձեռնություններ։

Արցախի ձգձգվող պաշարումը հղի է ծանրագույն հետևանքներով։ Պաշարման գլխավոր նպատակն այն է, որ արցախցիները վերջնականապես հուսահատվեն ու տնով-տեղով ընդմիշտ լքեն հարազատ բնօրրանը։ Այսինքն, երկարատև պաշարման թողած հոգեբանական ճնշման հետևանքով Արցախը կարող է հայաթափվել առանց մեկ կրակոց անգամ արձակելու։ Որովհետև, ևս մեկ անգամ ընդգծեմ, պաշարումը չափազանց արդյունավետ պատերազմական գործողություն է, որն ուղղված է նախևառաջ պաշարվածների դիմադրության կամքը կոտրելու վրա։
Ինչևիցե, ճանապարհն առաջիկայում բացվելու է։ Շատ կարևոր է այսօրվանից ծրագրել, թե ինչպե՞ս, ի՞նչ անսովոր քայլերով ու ի՞նչ արդյունավետ միջոցներով ենք գոտեպնդելու մեր արցախցի հայրենակիցներին, որպեսզի նրանք հույսն ու հավատը չկորցնեն, շարունակեն ապրել իրենց տներում և, ինչպես և նախկինում, պատրաստ լինեն դիմակայելու թշնամու ոտնձգություններին։
Ազգային պետության ղեկավարությունն այդ ուղղությամբ հատուկ ծրագիր արդեն մշակած կլիներ։ Բայց դե փաշինյանական խամաճիկներն ու՜ր, ազգային շահերով առաջնորդվող կառավարությունն ու՜ր։ Եթե մի բան էլ անեն, այն կրելու է հատվածական, բայց ոչ ծրագրային ու համակարգային բնույթ։
Ուստի, կարծում եմ, հիմնական բեռն իրենց վրա պետք է վերցնեն ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող գիտակից ու հայրենասեր գործարարները, տարբեր ընկերությունները, հիմնարկները, քաղաքական և հասարակական կազմակերպություններն ու առանձին անհատները։
Ճանապարհը բացվելուն պես Արցախում պետք է իրականացնել տասնյակ մեծ ու փոքր նոր նախաձեռնություններ՝ տնտեսական, մշակութային, գիտելիքահեն ու ռազմամարզական բնագավառներում։ Կարճ ասած՝ հոսքը պետք է լինի ՀՀ-ից Արցախ, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ։
Պարզապես պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ Արցախն ու Սյունիքը Հայաստանի ողնաշարն են, առանց որի ոչ մարդն է մարդ, ոչ էլ երկիրը՝ երկիր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին