▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը հիմա իր լեգիտիմությունն օգտագործում է ոչ թե լավագույնի, այլ վատագույնի համար»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը.

«ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
Թեման փակ է։ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների վրա ամբողջ մեղքը բարդելն ու էդ թեման առավելագույն շրջանառելը անտեղի մի ակցիա չէր։ Կարիքը կար լեգիտիմացնել այն Տեղ ու Կոռնիձոր գյուղերի հատվածում տեղի ունեցողը։ Անցակետի տեղադրումը։
Ինքը չի էլ թաքցնում, որ թեման փակ է։ Ընդհակառակը։ Փաստում է, որ այդ հատվածում «պրոբլեմատիկ 11 կիլոմետրանոց հատված կար» ու այժմ երկու կողմերի սահմանապահները ճշգրտում են՝ ո՞վ ու որտե՞ղ պիտի կանգնի։ Հիշեցնեմ, խոսքը գնում է Լաչինի միջանցքի ու ՀՀ պետական սահմանի հատվածի մասին, որտեղ սահմանապահներ առհասարակ չպետք է կանգնեին, որևէ մեկը չպիտի կանգներ, քանի որ այդ հատվածը կարգավիճակ ունեցող հատված էր։
Եթե անգամ սահմանապահներ կանգնեին, ապա ՀԵՆՑ ՄԻՋԱՆՑՔԻ «սահմանների» երկայնքով, ոչ թե ՀՀ պետական սահմանի ու Լաչինի միջանցքի 5 կիլոմետր լայնության հատման մասում։
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն էլ լոկ «երեսի զոռի» արած հայտարարություն էր, ուրիշ ոչինչ։ Փաշինյանն ԱԺ-ում անկեղծ ասել է, թե ի՞նչ է լինելու։ Այլ հարց է, որ շատերը չլսելու են տվել։ Ինքը պարզ ասաց, չէ՞, ճանաչում ենք ու վերջ։ Առանց ավելորդ վերապահման, առանց Ալմաթիի հռչակագրի վերապահումների։
ՀՀ-ն 29․800 քառակուսի կիլոմետր է։ ՀՀ-ն ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս պահին տեղի ունեցողը, որն այլևս արձանագրված փաստ է, որևէ կապ չունի ՀՀ ներկա իշխանությունների հետ։ Այս բացառապես նախկին իշխանությունների բանակցածի հետևանքն է, պնդում են իշխանականները։ Պարզ ասած, Փաշինյանն ասում է․ թե չլինեին Մադրիդյան սկզբունքները՝ կպահեի Արցախն էլ, միջանցքն էլ, բայց քանի կան Մադրիդյան սկզբուքներ՝ ինձ մի մեղադրեք, արդեն տված էր։
Բայց հարց է առաջանում։ Եթե տված էր, ինչո՞ւ չէին վերցնում։
Կամ, եթե արդեն «տված» էր, ինչո՞ւ չփոխանցեցիք 2018-2020 թվականների միջակայքում։ Կամ եթե տված էր, ինչո՞ւ չպայքարեցիք չտալու համար։
Լավ, իրենք վատն էին՝ Մադրիդյանով տվել էին, դուք լավը լինեիք՝ չեղարկեիք։ Փաստորեն, Փաշինյանը հիմա իր լեգիտիմությունն օգտագործում է ոչ թե լավագույնի, այլ վատագույնի համար։
Օսկանյանը, երբ ասում է, թե լավ կլիներ, եթե Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունեցած ժամանակ, առանց պատերազմ հարցը լուծեր՝ հետը համաձայն եմ։ Նոյեմբերի 9-10-ի գիշերը ինքս էդ հարցն ինձ տվել եմ՝ անդադար ասելով․ ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՈ՞Ւ․․․ ինչո՞ւ էսքան զոհով, եթե գիտեիր, որ բանակի վիճակը վիճակ չի, ինչո՞ւ չգնացիր խաղաղ լուծման ճանապարհով։ Որովհետև կասին դավաճա՞ն ես։ Է հա, թող ասեին, թքած։ Բա երկրի ղեկավարի աթոռը արտոնություն չի, զոհողություն է, ծառայություն է, նվիրում է։ Խոստովանիր, որ ինքդ հայտնվեցիր Սարգսյանի կարգավիճակում, երբ վերջինս համարում էր, որ վարչապետ կամ նախագահ լինելը շնորհ է, ոչ թե ծառայություն։ Այդ պահ չգիտեիր, չէիր ուզում իմանալ, թե թույլ չէին տալիս, որ իմանայիր՝ ինչ վիճակում է պետությունը։
Բայց ինքը կամ չգիտեր բանակի իրական վիճակը, կամ արդեն գիտեր, թե ի՞նչ սցենար է սեղանին դրված։ Այլ հարց է, որ այդ նույն Օսկանյանը, որը գրեթե դիվանագիտական ճեղքում էր անվանում Մադրիդյան սկզբունքները, ինչո՞ւ իր վերադասին՝ այն է Քոչարյանին չհամոզեց հարցը լուծել 1998-2008 թվկաններին։ Հետո, ինչո՞ւ Օսկանյանը նույն Սերժ Սարգսյանին չգնաց ասի, որ սա ֆանտաստիկ շանս է, լուծեք հարցը։
Այդ միայն Փաշինյանի՞ ժամանակ Օսկանյանը հիշեց, որ լուծման ձև կա, եթե լեգիտիմություն կա։ Ոչ մեկ ազնիվ չի, բոլորը ստում են։ Բոլորը խաղում են մարդկանց զգացմունքների հետ ու անընդմեջ մանիպուլացնում։
Փաստ է, որ Ապրիլի 24-ով արձանագրում ենք․ ադրբեջանը կապիտալիզացնում է իր հաղթանակը Արցախում ամբողջ ծավալով ու կարճ ժամկետներում։ Ինքը անխոչընդոտ անցակետ է տեղադրում ու որևէ մեկն այդ հարցում դրան չի խանգարում։ Ալիևը, համեմատ ՀՀ բոլոր իշխանությունների, 44 օրում պատերազմը հաջողում է, հետո երեք տարում՝ առանց կռիվ ամբողջը ստանում։ Մեր բոլոր 4 ղեկավարները 30 տարում մի հստակ հաջողություն չեն կարողանում կապիտալիզացնել։
Բաքուն հարցը արհեստականորեն ներդնում է օրակարգ, ապա այն արմատացնում է ու դարձնում առաջնային։ Հետո հայկական կողմը ուղղակի համակերպվում է դրա հետ ու զիջում։
Լաչինի միջանցքը ապալեգիտիմացված է, հետևապես՝ ապալեգիտիմացված է նաև Արցախը։ Չկա Լաչինի միջանցք, չկա ՄԻՋԱՆՑՔ, չկա Արցախ, քանի որ հենց միջանցքի կարգավիճակից էր բխեցվում Արցախի կարգավիճակի հարցը։
Մարդն ազնիվ ասել է։ Ուզում եք լսեք ու հասկացեք, ուզում եք՝ չլսելու տվեք։ Դրանից իրողությունը չի փոխվելու։
Այլ բան է, թե ինչ կարելի է անել։ Էստեղ խոսքը զիջելու եմ խելացիներին ու փորձառուներին։
Եթե սխալ եմ, ուղղե՛ք։
Եվ վերջում։ Այս անգամ ևս համոզվեցի։ Մենք ունենք ֆանտաստիկ մարտիկներ, աներկբա հերոսներ, նվիրյալ զինվորականներ ու կամավորներ, ազատության մարտիկներ՝ մարտի դաշտում, որոնք անձնուրաց իրենց կռիվը տանում են մինչև հաղթական ավարտ։ Բայց մենք մշտապես ունեցել ենք կամազուրկ ու վախկոտ քաղաքական առաջնորդներ։ Մեր քաղաքական ղեկավարները թե մեր զինվորականների՝ ազատամարտիկների կամքի տասը տոկոսն էլ ունենային՝ էսպես տխուր չէր լինի վիճակը։
Բայց դասալիք առաջին նախագահից մինչև ամեն ինչի հետ համակերպվող վերջին ղեկավարը՝ բոլորը լուռ համակերպվել են, արագ հանձնվել ու տեղում ձեռքերը վեր հանել։ Կրկին, թե սխալ եմ՝ ասեք սխալ ես․․․ բան չես հասկանում»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին