▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Հայկ Մարությանի դեմ

Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառը, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գալ։ Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այսօր «Հրապարակի» տաղավարում անդրադառնալով այս թեմային, նախ ասել է,որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բավականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հարաբերություները, և ռազմական դրությունը, որ ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստահություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյանը։ Եվ այն, ինչ կատարվում է այսօր Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, դա հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է։

Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ է հայտնել, որը նորություն էր։ Խոսքը վերաբերում է քաղաքապետարանի կողմից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին։

«Կա խոսակցություն, որ մասնավորապես վերջին գնման հետ կապված, այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «Գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «Գազելների» գնման մեջ առերևույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,-ասել է Թեհմինա Վարդանյանը։

Նույն խոսակցությունը, հիշեցնենք, կար նաև հայտնի «Կամազների» գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները կոռուպցիոն դրսևորումներ չցանկացան հայտնաբերել։ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ այն ժամանակ Մարությանի և Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, և գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գազելների» գործարքի մասին, ասում են՝ զայրացել է։

«Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,-ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին