▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի իշխանության գալուն մեծապես աջակցել են նաև հայաստանյան ԶԼՄ-ները»

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «2009թ. ամռանը, Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայացրեցի մտահոգություններս լրագրող Նիկոլ Փաշինյանի ձերբակալման փաստով՝ ակնկալելով, որ ամերիկյան կողմը հրապարակավ մտահոգություն կհայտնի այդ փաստի առիթով: Ամերիկացի պաշտոնյան ի պատասխան նկատեց, թե Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է ոչ թե իր մասնագիտական՝ լրագրային գործունեության, այլ քաղաքական գործունեության համար: Այն ժամանակ ես ամերիկացի դիվանագետին առարկեցի, ասելով, թե քաղաքական լրագրության և քաղաքական գործունեության սահմանը շատ նուրբ է, և դժվար է ասել, թե որտեղ է վերջանում քաղաքական լրագրությունը և որտեղ սկսում՝ քաղաքականությունը:
Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնանման մեղադրանք հասցեագրեց իր ասուլիսը բոյկոտող ԶԼՄ-ների հասցեին:


2003թ., երբ Մամուլի ազգային ակումբը «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների եթերազրկման համար Ռոբերտ Քոչարյանին «Մամուլի թշնամի» տիտողսին արժանացրեց, արտերկրից Հայաստան վերադարձած Քոչարյանը հենց օդանավակայանում հայտարարեց, որ նրանք՝ մենք, «քաղաքականությամբ ենք զբաղվում:
Տարիներ առաջ Վաշինգտոնում պետդեպարտամենտի մի պաշտոնյա ինձ ասաց, որ հայաստանյան ՀԿ-ներից մեկի ղեկավարից նամակ է ստացել, ուր Մամուլի ազգային ակումբին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որպես մեղադրանք նշելով. որ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը և վարչության անդամ Նարինե Դիլբարյանը պատգամավորի թեկնածուներ էինք:
Քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանքներ ես հաճախ եմ լսել: Թեպետ քաղաքականության մասին գրել-վերլուծել և քաղաքականությունից դուրս մնալն անհնար է:
Կարո՞ղ են մամուլի ազատությունն ու անկախությունը տուժել, եթե լրագրողը քաղաքականությամբ է զբաղվում: Կարող են, եթե մասնագիտական սկզբունքները հակադրվում են քաղաքական գործունեությանը և վարքագծին:
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր լրագրային գործունեության ընթացքում հաճախ է քաղաքականությամբ զբաղվել: Քաղաքականության մեջ էլ՝ լրագրությամբ է զբաղվել: Վարչապետի պաշտոնին էլ դեռ շարունակում է նույն՝ լրագրողի գործը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն մեծապես աջակցել են նաև հայաստանյան ԶԼՄ-ները: Նիկոլ Փաշինյանի կառավարման աղետալի ձախողումները պատճառ դարձան, որ լրագրողներին միշտ ատող տարաբնույթ պաշտոնյաները չարախնդան, թե լրագրողները քաղաքականության և կառավարման մեջ ձախողում են:
Իրականում այդպես չէ: Այն լրագրողները, որոնք ձախողել են պետական կառավարումը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունն այսօր, սա բնավ չի նշանակում, թե պատճառն այն է, որ նրանք լրագրող են եղել:
Հայաստանում քաղաքականություն մտած լրագրողների տխրահռչակ նախադեպը բնավ չի նշանակում, թե քաղաքական լրագրողները վատ քաղաքական գործիչներ են ընդհանրապես:
Ոչ թե քաղաքականությամբ զբաղվելն է անընդունելի լրագրողների համար, այլ քաղաքական խարդավանքների և անմաքուր խաղերի մեջ ներքաշվելը: Մասնագիտական արժեքներին հետամուտ լրագրողները պետք է կարողանան տարբերակել քաղաքական խարդավանքները, անմաքուր խաղերը և իրական, բարձր քաղաքականությունը:
Ողջ խնդիրն այն է, որ շուրջ երկուսուկես տասնամյակ հայ լրագրողները այդ բարձրարժեք քաղաքականությունը չեն տեսել: Եվ եթե լրագրողներից ավելի ճարպիկները մտել են քաղաքականություն, դա չի նշանակում, թե նրանք մտել են բարձրարժեք քաղաքականությամբ զբաղվելու համար, որից նրանք հեռու են այնպես, ինչպես հյուսիսը՝ հարավից:
Քաղաքականությունը բարձրարժեք գործունեություն է, այնպես, ինչպես քաղաքական լրագրությունն է արժեքավոր գործունեություն, և այդ երկուսի մեջ սահմանն իրականում նուրբ է և բավականին նեղ»:

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին