Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը և բարձր գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:
Կողմերն անդրադարձել են կատարել նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Վարչապետը ողջունել է ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության ամրապնդմանը և ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը: Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև փոխգործակցության մակարդակը և վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը: Ընդգծելով փոխշահավետ գործընկերությունը շարունակելու կարևորությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել դրա ընդլայնման հեռանկարների շուրջ: