«Նայում էի Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ հատկապես արտաքին գործընթացների, ԼՂ շուրջ բանակցային գործընթացի հետ կապված ու արձանագրեցի մի շարք մեղադրանքներ՝ Ձեր ու Ձեր իշխանության ուղղությամբ բանակցային գործընթացը խաթարելու մասով»,- դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Փաշինյանը նշեց, որ «մերժվածի հարցազրույցը լավ առիթ ու հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք»: «Ձեր նշած անձն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պետք է նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը: Չգիտեմ՝ նախկինում եզրույթն օգտագործվել է, թե ոչ, բայց կարծեմ նախորդ իմ ելույթում էդ թեմային մի փոքր անդրադարձել եմ ու ենթադրում եմ՝ ռեակցիան էդտեղից է: Երբ կանցնեն տարիներ ու կբացվեն բանակցային փաստաթղթեր, կիմանանք, որ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից իմանում ենք, որ որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի լինի, բայց նշված է, որ ԼՂ բնակցչության ազատ կամարտահայտում պիտի լինի: Կանցնեն տարիներ ու կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ»:
Շարունակելով՝ Փաշինյանն ասաց. «Միտք ա առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցային տրամաբանությունը ևս կփոխվի: Կանցնեն տարիներ ու կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը ու կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը-2016-ի ձմռանը: Եթե Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող պատմի 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրրադարձությունները, որից հետո եկել է 2016-ի գարունը, եղել է ապրիլի 2. էդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ»: