ermenihaber-ը գրում է. Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, ծագումով զազա քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը մի շարք հայտարարություններով է հանդես եկել թուրքական «Yol TV» հեռուստաալիքի եթերից: Խոսելով 2015-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից` Դեմիրթաշը նշել է, որ «HDP»-ն որպես կուսակցություն վստահաբար մասնակցելու է ընտրություններին` հաղթահարելով 10 տոկոսի պարտադիր շեմը:
«Ի՞նչ է, գողերը կարող են նպատակ ունենալ հասնելու 50 տոկոս ձայների, իսկ մենք չե՞նք կարող հաղթահարել 10 տոկոսանոց շեմը»,- ակնարկելով իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` ասել է Դեմիրթաշը: Նա նաև հերքել է իշխանական ճամբարից իրեն ուղղված քննադատությունները, թե իբր համագործակցում է գյուլենական ուժերի հետ: Հարցազրույց տալ գյուլենական համայնքին մոտ կանգնած թերթերից մեկին, ըստ Դեմիրթաշի, դեռ չի նշանակում համագործակցել նրանց հետ:
«HDP»-ի համանախագահը մասնավորապես դժգոհել է, որ ալևիներին տեղ չեն տալիս իշխանական համակարգերում: Մինչևիսկ հասարակ տնօրենի պաշտոնում չեն նշանակում որևէ ալևիի: Բայց հարկավոր է, որ նրանք պատգամավորներ ունենան օրինակ խորհրդարանում:
«Մեծ թվով ալևի պատգամավորներ պետք է լինի,-ասել է Դեմիրթաշը: -Ալևիի, հայի, քրդի հոգսերը մեր հոգսերն են լինելու: Ձեռքի ձեռքի ենք տալու, պատգամավորներ ենք դարձնելու և ալևիներին, և հայերին»: