Նոյեմբերին Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։
«Հրապարակ»-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում Մինասյանն այդ մասին նշել էր դեռ 2022-ի նոյեմբերին:
«Չնայած փաստաբանի տված գնահատականին, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ մարդասպաններն իր բնորոշմամբ՝ ձերբակալված երկու վիժվածքներն են. «Փաստերը կան, անալիզի արդյունքները կան, ո՞նց կարելի ա անգամ կասկածել, որ էդ մանյակները չեն սպանել», - ասում է Սևակը: Տղամարդու օրը սկսվում է Պեմզաշենի գերեզմանատանը, ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, Սևակ Մելիքսեթյանը շտապում է գերեզմանատուն. «Նրանք իմ կյանքի իմաստն էին, չկա մի գիշեր, որ երազիս մեջ չտեսնեմ երեխաներիս», - ասում է նա:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ձերբակալված են Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը: Դաժանաբար սպանված ըտանիքի հայրը վրեժով է լցված. «Թող դրանց տան ինձ, ես գիտեմ ինչ կանեմ», -ասում է Սևակ Մելիքսեթյանը:
-Սևակ, գործն ի՞նչ ընթացքում է այժմ:
-Ինչ-որ գործողություններ են անում, բայց դա իմ ասելով չի, ոչ էլ իրենց ասելով ա:
-Երբ տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը, տարբեր խոսակցություններ, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Անգամ կասկած կար, որ ադրբեջանցիներն են սահմանը հատել, դիվերսիա իրականացրել:
-Մեր հայ ժողովրդին գիտեք էլի, ինչ ասես խոսում են: Էս ժողովրդից ամեն ինչ հավատալու ա: Մանյակ մարդասպաններ, վիժվածքներ: Մտածել են եսիմ ինչ միլիարդատեր եմ…. փաստ է, որ նրանք մանյակ են:
-Արկադի Բարսեղյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: Դուք համոզվա՞ծ եք, որ մարդասպանները հենց ձերբակալված անձինք են: Չկա՞ն այլ կասկածյալներ:
-Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան, դրանցից մեկն էլ մեղքն ընդունել է:
-Ոստիկանները շարունակո՞ւմ են Պեմզաշենում հսկողություն իրականացնել:
-Հսկողություն իրականացնում են: Կանգնած են դրանց տների մոտ:
-Որտե՞ղ են ենթադրյալ հանցագործների ընտանիքի անդամները:
-Փախել են, տարել են…. ես որ բան չանեմ էլ, գյուղի ժողովուրդը իմ փոխարեն կանեն: Ինձ ոչ մեկը չի կարա մեղադրի, մեղադրող են, թող դրանց մեղադրեն: Բերեն գյուղի մեջ կանգնեցնեն գյուլլեն: Ես ինչ կուզեմ կանեմ, ինձ ո՞վ կարա բան ասի:
-Դատական պրոցեսներին հետևո՞ւմ եք:
-Երկու անգամ նիստ է եղել, կալանավորումը երկարացրել են, դեռ ուրիշ բան չկա: Ամբողջ գյուղը սպասում է էս ամենի վերջին:
-Այդ տղամարդիկ Ձեր ընկերնե՞րն են եղել:
-Տո չէ, դրանք ինձ ի՞նչ ընկեր: Էդ վիժվածքների հետ ո՞վ կարա ընկերություն անի, որ ես անեմ: Դրանք հոգեկան հիվանդներ են:
-Ձեր տուն երբևէ նրանք եկե՞լ են:
-Վրույր է, ինչ վիժվածք է, դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Էն Արկադիկի հետ էլ չերեզ ընկեր շփում է եղել, բայց ինձ ընկեր չեն եղել:
-Նրանք ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն:
-Հա, ունեն, իրանց պես էլի: Նման մարդու կնիկն ի՞նչ պիտի լինի, դրանցից ծնված երեխեն էլ իրանց նման պիտի լինի:
-Նրանց հետ պարտք-պահանջ ունեցե՞լ եք:
-Չէ, ինչ պարտք-պահանջ: Ոչ մի նման բան: Դրանք ո՞վ են, որ մի նորմալ մարդը կարար դրանց հետ շփվեր: Եթե բերեն տան ձեռս դրանց, էն ամենավատ բանը, որ կարա ձեր մտքով անցնի, կանեմ: Ի՞նչ եք կարծում, պիտի խելոք տեղս մնամ: Իմ առավոտները գերեզմաններում են սկսվում: Լույսը բացվելուն պես գնում եմ գերեզմաններ:
-Իրավապահներին վստահո՞ւմ եք:
-Եթե էս գործը պիտի արդար չանեն, եթե մեղավորը պիտի ազատության մեջ մնա, թող բոլորն էլ իմանան, որ մի օր էլ իրենց տունն են մտնելու: Ոչ ոք էս կյանքում նման բաներից ապահովագրված չէ: Դա բոլորիս գործն է, ինչքան շուտ բացահայտվի ամեն ինչ, էնքան լավ: Իմ երեխեքը էնքան լավն էին, էնքան խելացի էին, մինչև հիմա երեխեքի նկարները դպրոցի պատին փակցված է: Իմ կյանքի իմաստն էին….
-Հիմա որտե՞ղ, ո՞ւմ հետ եք ապրում:
-Քրոջս, հորեղբայրներիս հետ: Մինչև տեսնենք՝ ինչ կգա գլխներիս»,-գրում է սկզբնաղբյուր կայքը: