▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փերինչեքի ցինիկ հայտարարությունը` ուղղված հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիին

ermenihaber-ը գրում է. Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը 2015-ի հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվելիք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին ներկայանալու է իր զույգ փաստաբանների հետ: Անդրադառնալով այն հարցին, որ եվրադատարանում Հայաստանի շահերը պաշտպանելու է հոլիվուդյան կինոաստղ Ջոջ Քլունիի կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին, Փերինչեքը ցինիկաբար հայտարարել է. «Տիկինը կարող է գալ դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու շանս չի ունենա»:

Ամալ Քլունին մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության ու հանցագործների արտահանձնման հարցերում: Ժամանակին նա պաշտպանել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերը:

Հիշեցնենք, որ Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հրապարակայնորեն հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, և միջազգային հանրությունը կեղծիքներ է տարածում»: Լոզանի դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ և Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարությունները դիտելով  որպես Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում, նրան դատապարտեց եռամսյա ազատազրկման  կամ դրան համարժեք ֆինանսական տույժի ( շուրջ 2500 դոլար): Այնուհետև թուրք գորիչը, բողոքելով, որ խախտվել է իր խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճռով բավարարել էր Փերինչեքի հայցը և Շվեյցարիային մեղավոր ճանաչել խոսքի ազատության իրավունքի ոտնահարման մեջ: Շվեյցարիան էլ իր հերթին բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը:

Հայաստանի Հանրապետությունն այս գործում ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Նիստը նախատեսված է 2015թ. հունվարի 28-ին։ Հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը Եվրոպական դատարանի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ նիստում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա։


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին