«Այս երկրում գողերը, գողացողներն այլևս երբեք չպիտի հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարանքի, միայն ու միայն քրեական պատասխանատվության, սա է նոր Հայաստանը: Երևանի թաղամասերում ու քուչեքում, ներողություն այդ բառի համար, ընտրակաշառք բաժանողներն այլևս թաքուն պիտի քայլեն, և Երևանի փողոցներում հպարտ պիտի քայլեն աշխատավոր, քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ, ջութակահարները, բանվորները»,-այս մասին Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ գոյություն չունեն այլևս, որովհետև օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում չկա և այլ չի լինելու քչերի իշխանություն:
Մենք ասում ենք, որ ՀՀ-ում պետք չի, որ լինեն այնպիսի մարդիկ, որ լինեն արտոնյալ, մեզ պետք չի, որ ՀՀ-ում իրար հետևից 10 հատ նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով: Բոլոր նրանք, ում հաճույք է պատճառով լինել կամ կոչվել օլիգարխ, նրանք չեն հասկանում եղած հեղափոխության իմաստը, ՀՀ-ում չկա ավելի բարձր կոչում, քան է ՀՀ քաղաքացին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հորդորեց դադարեցնել այդ բազմահարյուր մեքենաներով՝ նույն գույներով, նույն անտենաներով, շրջելը: «Պետք չի սեփական հարստությունը, սեփական ավտոներն ու կոշիկները, սեփական վերտուները ժողովրդի աչքը մտցնել, դադարեցրեք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու գործընթացը, հակառակ դեպքում դուք ամեն օր կզարմանաք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում չպիտի լինեն ապօրինի շարասյուներ, որոնք քշում են ուրիշ մարդկանց կամ մեքենաների վրայով:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում