«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԺ նախագահ գալուստ սահակյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.
Մոտ մեկ ամիս առաջ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը բաց նամակ էր ուղարկել Ձեզ՝ ՀՀ նախագահին և այլ պատասխանատու անձանց Հ2 հեռուստաընկերությունում հեռարձակվող «Գլենդել լայֆ շոու» հեռուստահաղորդման հակասոցիալական բովանդակության և ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքի մի շարք կետերի խախտման վերաբերյալ:
Դժգոհության առիթ էր հանդիսացել վերոնշյալ շոուում սեռական, էրոտիկ բնույթի բաց տեսարանների, դրական ենթատեքստով ներկայացվող արտաամուսնական կապերի, ոչ ավանդական սեռական հարաբերությունների առկայությունը, ինչպես ամբողջ օրն անբարո զվարճանքներով անցկացնելը, ծխելը, խմելը, ոչ պարկեշտ խոսելաձևը, որոնք մի շարք այլ նմանատիպ երևույթների հետ մեկտեղ ներկայացվում էին որպես դրական վարքի մոդելներ:
ՀՀ նախագահի աշխատակազմից նամակն ուղղել են դեպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, իսկ ՀՌԱՀ-ից պատասխանել են, որ ոլորտը կարգավորող օրենք դեռ չկա և նրանք ոչինչ չեն կարող անել (կից ուղարկում ենք ՀՌԱՀ-ի նամակը): Արդյունքում ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են եթեր հեռարձակել ցանկացած հակասոցիալական հեռուստաարտադրանք, ինչպիսին «Գլենդել լայֆ շոուն» է, նմանատիպ տարաբնույթ հեռուստաշոուները, քրեածին և դաժանություն քարոզող հեռուստասերիալներ, և ոչ ոք չի կարող դա արգելել:
Կոչ ենք անում բարեփոխման ենթարկել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը՝ լրացնելով համապատասխան դրույթներով: Մոտ երկու տարի առաջ Ձեզ դիմելու արդյունքում «ՀՀ նախագային կից Հանրային խորհրդի» և «Հեռուստատեսության մաքրման պահանջ» նախաձեռնության կողմից մշակվել էին ոլորտը բարեփոխելու մի շարք առաջարկներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին և մնացին թղթի վրա: Ոլորտը բարեփոխել կարելի է սկսել հենց այդ առաջարկներից:
Հեռուստատեսությունը պետության ամենաազդեցիկ ինստիտուտներից է և հնարավոր չէ առողջ հասարակություն ունենալ՝ առանց առողջ հեռուստատեսության:
Խնդրում ենք նախաձեռնել ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումներ՝ մասնավորապես չափորոշիչների և պատժամիջոցների հստակեցման հետ կապված:
Տևական ժամանակ է արդեն, ինչ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մեր և տարբեր կառույցների կողմից ներկայացրած առաջարկությունները պատշաճ ընթացք չեն ստանում, ինչի արդյունքում էլ դրանք առկախված են:
Նշենք նաև, որ նման չափորոշիչների սահմանման օրինակները բազմաթիվ են հանաշխարհային պրակտիկայում և դրանց օրինակով, ինչպես նաև հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարող ենք սահմանել նման չափորոշիչներ մեր վերոնշյալ ոլորտի համար ևս:
Սա կարևորագույն խնդիր է բարձր արժեքներով առաջնորդվող ՀՀ քաղաքացի կերտելու գործում: Մենք համոզված ենք, որ Դուք ևս, գիտակցելով այդ խնդրի կարևորությունը, վերջապես կնպաստեք այս հարցի վերջնական լուծմանը:
Հարգանքով՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնություն