Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։
Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։
Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել»։

Նշենք, որ Aysor.am-ն ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրել էր մեկնաբանել՝ որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
«Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում՝ դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:
Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:
Իսկ Վեհափառ Հայրապետի հետ վերոնշալ հադիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին», - կայքին պատասխանել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:


