▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է շտապ օդային միջանցք բացել պայթյունից վիրավորվածներին տեղափոխելու համար». Տիգրան Աբրահամյան

Թարմացված․ Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:
Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»:

Թարմացված․ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ

Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը մեղմեն։ Ասում է, որ շտապ այստեղ՝ Երևանում, լուծումներ գտնեն, օդային ճանապարհ բացեն՝ շտապ վիրավորվածներին հանելու կամ Հայաստանից, Կարմիր Խաչից, միջազգային բժշկական այլ կազմակերպությունից բժիշկներ ուղարկեն, եթե քիչ էլ ուշացնեն՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, ասում է անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր։

Խնդրում եմ, ով կարող է այդ կառույցներին ասել, որ շտապ օգնության հասնել՝ ժամ առաջ լուծում գտնեն»։

Թարմացված․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարում է. «Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։
Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»։

Թարմացված․ Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից տուժած բնակիչներին: Առավել ծանր վիրավորներին տեղափոխում են Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում: Այս մասին ասվում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին