Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություններ է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի բնակարաններում, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում։
Այս պահին Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, գրասենյակում գտնվող այլ անձինք ԱԱԾ-ում են։
«Պառամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում խուզարկությունը մասնակցել են փաստաբաններ Միքայել Շխիմյանը, Հակոբ Ենոքյանը։ Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ն ներկայացրել է, որ Արա Սաղաթելյանն այդ գրասենյակի նախագահն է։ Ենոքյանն այս պահին դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում ԱԱԾ-ի գործողությունները, կոնկրետ նշել չի կարող, թե գրասենյակում ներկա գտնվողներից ում են հրավիրել ԱԱԾ, ում՝ բերման ենթարկել։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ տարված անձանց մեջ է նաև գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը։
Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանն այս պահին ԱԱԾ-ում է, մինչ ներս մտնելը բարձրաձայնել է այն մասին, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ շենք։
Նշենք, որ խուզարկությունները կատարվել են քրեական գործի շրջանակներում, որն առնչվում է «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը։ Այս պահին քրեական գործից այլ հանգամանքներ մեզ հայտնի չեն։
Նշենք, որ «Գագիկ Սողոմոնյան» անունով օգտատերը պատերազմի օրերին իշխանությունների հասցեին քննադատություններ է հնչեցրել։
Աղբյուր՝ hetq.am