Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը:
Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում պայմանավորվածությունը եղել է կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ այս տարվա սկիզբ: Քանի որ այս ընթացքում մշտական շփումներ են տեղի ունեցել, և դեռ լինելու են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հաջորդ տարվա սկզբում լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որ այցի ընթացքում ստորագրվի: Ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով Դուշանբեում երկու երկրների ղեկավարների զրույցին, որը ֆիքսել էին տեսախցիկները, Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ քննարկում էին իրենց հաջորդ առանձնազրույցի կազմակերպման հարցերը:
«Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք մեր հանդիպումը, որովհետև գագաթնաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք ու առանձնազրույց ունեցանք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: