▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի հայաստանյան ու ադրբեջանական այցերի նրբերանգները

ՌԴ նախագահի պետական այցի ու դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված համաձայնագրերի մասին քիչ թե շատ խոսվել է ու դեռ կխոսվի: Սակայն այս այցը բավականին հետաքրքիր նրբերանգներ էր պարունակում, մանավանդ, երբ այն համեմատության մեջ ենք դնում ՌԴ նախագահի՝ ավելի վաղ Ադրբեջան կատարած այցի հետ:

Մինչ Պուտինի՝ Հայաստան կատարած այցը, տևական ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա առաջինն այցելեց Ադրբեջան, հետո նոր՝ մի քանի հետաձգված այցից հետո՝ Հայաստան:

Այն, որ ՌԴ նախագահն առաջինն այցելեց Ադրբեջան (օգոստոսի 13-ին)՝ փաստ է, սակայն այստեղ շատ ավելի կարևոր է, թե այդ այցն ինչ բնույթ էր կրում, ինչ իրադարձություններ են հետևում ու նախորդում այդ այցին և վերջապես, ի՞նչ փաստաթղթեր ու պայմանավորվածություններ են ձեռք բերվում:

Ադրբեջան կատարելիք այցին նախորդել էր բավականին բացասական իրադարձային ֆոն: Նախ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ ՌԴ-ի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող էներգակիրների արտահանման հարցով: ՌԴ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի Ադրբեջանն էներգակիրներն իր միջոցով արտահանի Եվրոպա, ինչը վերջինիս հնարավորություն կտար պահպանելու իր հեգեմոն դիրքը Եվրոպային էներգակիներ վաճառելու հարցում, սակայն Ադրբեջանն ի վերջո որոշում կայացրեց, այն տեղափոխել՝ շրջանցելով ՌԴ-ին, ինչը ծանր հարված էր ռուսական աշխարհաքաղաքական շահերին:
Երկրորդ, Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի իր երկրի տարածքում՝ Գաբալայում, տեղակայված ռուսական ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետի ավարտից հետո (այն ավարտվում էր 2012 թվականին), ռուսական կողմը դուրս գա Ադրբեջանից: Դրան հասնելու ճանապարհին, Ադրբեջանը` որպես վարձակալության նոր գին առաջարկեց 300 մլն դոլար, նախկինում այն 7 մլն դոլար էր: Ճիշտ է՝ Ռուսաստանն իր տարածքում՝ Արմավիրում, նոր՝ առավել ժամանակակից ՌԼԿ էր կառուցել, որն իր ֆունկցիոնալ առումով լուծում էր այն խնդիրները, որոնք մինչ այդ դրված էին Գաբալայի ՌԼԿ-ի վրա, սակայն ՌԴ-ն, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ամեն կերպ ցանկանում էր պահպանել իր ներկայությունը Ադրբեջանում:
Երրորդ և ոչ պակաս կարևոր հանգամանքը ՌԴ-ի կողմից առաջ քաշվող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ ադրբեջանական կողմի պասիվ դիրքորոշումն է:

Մեկ կարևոր հանգամանք ևս. ի տարբերություն ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի, որը պաշտոնական բնույթի էր, Հայաստան կատարած այցը պետական մակարդակի էր, որը այցերի առումով ամենաբարձրն է համարվում:
Եթե սրան հավելենք նաև այն 5-6 փաստաթղթերը, որոնք վերը նշված առանցքային հարցերի համեմատ երկրորդային բնույթի էին, ապա մի փոքր դժվար է դառնում խոսել ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցի էական արդյունքի մասին:

ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցին, նվազագույնը նախորդում էին երկու առանցքային իրադարձություններ. սեպտեմբերի 3-ին, արդեն պաշտոնապես, ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, երկրորդ, Ռուսաստանը հնարավորություն ստացավ մոդեռնիզացման ու հզորացման գործընթաց սկսել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում:
Այցի ընթացքում ստորագրվեց 12 փաստաթուղթ, որոնք ընդգրկում էին երկկողմ կարևորություն ներկայացնող մի շարք բնագավառներ՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, կրթական:

ՌԴ նախագահի այցը նրբերանգներ էր պարունակում մասնավորապես միջազգային հանրությանը և մասնավորապես մեր արևելյան ու արևմտյան հարևաններին ուղղված մեսիջներով, այն է, որ ՌԴ ոչ միայն պահպանելու է իր՝ տարածաշրջանային խաղաղացողի կարգավիճակը, այլև ամրապնդելու է իր դիրքերը, և որ իր պլաններում չի մտնում տարածաշրջանային անկայության դրսևորումները:

Տիգրան Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին