Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավանդական պրոտոկոլային ուղերձ է, այն պատասխան չի պահանջում:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախօրեին Կրեմլում հաստատել են, որ ստացել են նամակը, որտեղ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ի դեմս նրա՝ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկացել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան:
«Ավանդույթի համաձայն ազգային օրերի առիթով տեղի է ունենում նման նամակների փոխանակում: Դա միջազգային հարաբերություններում ընդունված պրոտոկոլային, սովորական պրակտիկա է»,- ասել է Պեսկովը:
«Որևէ այլ բովանդակալից պահեր, ցավոք, այդ նամակում չեն եղել»,- նշել է նա:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ երկրների միջև բարդ դիվանագիտական հարաբերությունները միշտ չէ, որ առիթ են ծառայում նամակների փոխանակությունը դադարեցնելու համար:
«Երբեմն շարունակում են, երբեմն՝ ոչ, դա կախված է իրավիճակից… Այս տարի նամակը ստացվել է, բայց այն մեր ինքնաթիռի վրա Թուրքիայի հարձակվելուց հետո առաջին ազգային օրն է, այնպես չէ՞»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով անցած Ռուսաստանի օրվա առթիվ (նշվում է հունիսի 12-ին Խմբ.), ու մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան: