ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը եւ ենթարկվել է շտապ վիրահատության:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ Զավեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Կարդացեք նաև՝Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը
Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է