▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պյոտր Մեծի անորոշ ծագումնաբանությունը

Գոյություն ունի բավական հետաքրքիր պատմություն այն մասին, որ երբ ռուս գրող Ալեքսեյ Նիկոլայի Տոլստոյը աշխատում էր իր Պյոտր Առաջինի մասին վեպի վրա, հանդիպել է բավականին անսովոր մի փաստի, ըստ որի, ռուս ամենահայտնի միապետը, Ռոմանովների արքայատոհմի հպարտությունը ոչ մի աղերս չունի ոչ Ռոմանովների ընտանիքի և ոչ էլ նույնիսկ ռուսական ազգի հետ: Այս փաստը չափազանց անհանգստացրել է գրողին, իր ժամանակին, և նա, օգտվելով այն հանգամանքից, որ ծանոթություն ունի մեկ այլ հայտնի դիկտատորի հետ, և հիշատակելով այլ անզգույշ գրողների ճակատագրերը, որոշում է խորհրդի համար դիմել նրան, հատկապես որ այդ ինֆորմացիան բավական սրտամոտ պիտի լիներ մեծ առաջնորդին: Այդ տեղեկությունը բավականին սադրիչ էր ու ոչ միանշանակ. Ալեքսեյ Նիկոլաևիչը Ստալինին է ներկայացնում մի փաստաթուղթ, ինչ որ մի նամակ, որը փաստացի կերպով վկայում էր այն մասին, որ Պյոտր Մեծն իր ծագումով ամենևին էլ ռուս չէր, ինչպես կարծվում էր մինչ այդ, այլ ... վրացի: Ուշագրավն այն է, որ Ստալինն այդ լուրն իմանալով ամենևին էլ չի զարմանում: Ավելին, ծանոթանալով այդ փաստաթղթի հետ, խնդրում է Ալեքսեյ Տոլստոյին այդ փաստը ուղղակի գաղտնի պահել, որպեսզի չհանրայնանա, իր այդ ցանկությունն հիմնավորելով բավականին պարզ կերպով. “Թողնենք, որ գոնե մի “ռուս” ունենան, որով կկարողանան հպարտանալ”: Միաժամանակ Ստալինը խորհուրդ է տալիս ոչնչացնել այդ փաստաթուղթը: Առաջին հայացքից Ստալինի այդ քայլը Ալեքսեյ Տոլստոյի համար շատ տարօրինակ երևաց. հատկապես, որ Իոսիֆ Վիսսարիոնովիչն ինքը վրացի էր ազգությամբ: Սակայն եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, ապա բացարձակապես տրամաբանական պիտի համարել այն կեցվածքը, որն ունեցել է խնդրի նկատմամբ ժողովուրդների առաջնորդը, քանի որ հայտնի է նաև, որ Ստալինն իրեն լիովին ռուս է համարել: Իսկ այլ կերպ ոնց պիտի պահեր իրեն ռուս ժողովրդի առաջնորդը: Թվում էր, թե այդ հանդիպումից հետո այդ բավական զարմանալի պատմական տեղեկությունը պետք է անհետանար: Սակայն Ալեքսեյ Տոլստոյի թեթև ձեռքով, իսկ վերջինս, ինչպես նաև որևէ այլ գրող, շատ խոսել էր սիրում ու հաղորդակվվող մարդ էր, այն հասու է դառնում մտերիմների մի նեղ շրջանակի և հայտնի ձնագնդիի սկզբունքի համաձայն` շատ շուտով տարածվում է այն ժամանակի մտավորականության շրջանակում: Իսկ ինչ նամակի մասին էր խոսքը, որը պետք է անհետանար: Առավել հավանական է, որ այն Դարյա Արչիլովնա Բագրատիոն-Մուխրանսկու` Իմերեթիայի թագավոր Արչիլ Երկրորդի դստեր նամակն էր, ուղղված իր զարմուհուն` մինգելական իշխան Դադիանիի դստերը: Նամակում խոսվում է մի ինչ որ մարգարեության մասին, որ հայտնվել էր նրան վրացական թագուհու կողմից: “Մայրս ինձ պատմել է մի ինչ որ Մատվեևի մասին, ով կարողանում էր երազներ մեկնել, թե մի անգամ տեսել է Ս Գևորգ Ամենահաղթին, ով երևացել է նրան ու ասել. “Դու ընտրված ես հայտնելու, որ Մոսկովիայում պետք է ծնվի “արքայից արքան”, որը այն կդարձնի մեծ կայսրություն: Նա պետք է ծնվի Իբերիայի ուղղափառ թագավորի սերմից, որ նույն Դավթի ցեղից է, ինչպես և Տիրամայրը և Կիրիլ Նարիշկինի դստերից, որ մաքուր է սրտով: Սա այսպես էլ կլինի, քանի որ դա է Աստծո կամքը, որն անխախտելի է”: Այս մարգարեությունն աներկմիտ կերպով ակնարկում է այդ փաստի օգտին, իհարկե, սակայն զուտ պատմական մասով, այլ հանգամանքեր ևս կարող էին այս կապին նպաստել:

Ռոմանովների արքայատոհմի սկզբնավորումը Նման գրավոր վկայության պատճառների մասին դատողություններ անելու համար, նախ հարկ է, որ ուսումնասիրենք Ռոմանովների սկզբնավորումը և հասկանանք ժամանակի պատմական միջավայրը: Չմոռանանք, որ այն ժամանակ Մոսկովիայի թագավորությունը ներկայացնում էր մի թագավորություն, որը չուներ թագավոր բառի ժառանգական միապետի իմաստով, իսկ թագավորի պարտականությունները կատարում էր ցար Ալեքսեյ Միխայլովիչը, ով եթե անկեղծ լինենք, ապա այնքան էլ չէր կարողանում իրականացնել իրեն վերապահված դերակատարությունը: Երկիրը փաստորեն ղեկավարում էր պալատական ինտրիգների ու խաբեբայությունների մեջ թաղված ու մինչև վերջ կեղտոտված իշխան Միլոսլավսկին: Ալեքսեյ Միխայլովիչը բավականին թույլ մարդ էր և իրեն շրջապատել էր հիմնականում եկեղեցականներով, որոնց կարծիքին էլ մշտապես ականջալուր էր լինում:Այդպիսիներից էր Արտամոն Սերգեևիչ Մատվեևը, ով լինելով ոչ հասարակ մարդ, կարողանում էր անհրաժեշտ ճնշումը բանեցնել ցարի վրա և նրան հակել գործողությունների ու արարքների, որոնց վերջինս ամենևին էլ պատրաստ չէր: Ըստ էության Մատվեևն իր կանխասացություններով կառավարում էր ցարին, լինելով մոտավորապես Ռասպուտինի նախատիպը արքունիքում: Մատվեևի պլանը շատ պարզ էր. ցարին ազատել ու ինքն էլ ազատվել Միլոսլավսկու ազգակցությունից ու գահին բազմեցնել “սեփական” գահաժառանգին: Այսպես, 1669 թվականին ծննդաբերության ժամանակ մահացավ թագուհի Մարիա Իլյինչինա Միլոսլավսկայան, որից հետո Մատվեևը ցարին ամուսնացրեց ղրիմյան թաթար իշխան Իսմայիլ Նարիշի դստեր` Նատալյա Կիրիլովնա Նարիշկինայի հետ, ովքեր այդ ժամանակ ընտանիքով բնակվում էին Մոսկվայում և բավականին հարգված էին մոսկովյան ազնվականության մոտ: Ամուսնությունը Մատվեևի առաջին հաղթանակն էր: Հաջորդ հարցը մնում էր գահաժառանգի ու առհասարակ ժառանգորդության հարցը լուծել: Ալեքսեյ Միխայլովիչի զավակները առջին կնոջից իր նման թույլ ու տկար էին ու մեծ վտանգ չէին ներկայացնում: Այլ խոսքով, հենց ցարն ամուսնացավ իշխանազնուհի Նարիշկինայի հետ, բարձրացվեց գահաժառանգման հարցը, ու քանի որ այդ ժամանակ ցարը վատառողջ էր ու ֆիզիկապես տկար, իսկ երեխաներն էլ իր նման, ապա դավադիրները որոշեցին անհրաժեշտության դեպքում ցարին գահաժառանգի հայրության հարցում փոխարինող գտնել: Հենց այդ ժամանակ էլ ասպարեզ բերվեց վրացի իշխանը: Եվ ի վերջո ով էր Պյոտր Մեծի իրական հայրը Այս հարցի հետ կապված` պատմագիտության մեջ երկու տեսակետ կա. Պյոտրի հայրության համար ըստ էության երկու վրացական մեծ իշխանների թեկանծությունն է շրջանառվում, որոնց երկուսն էլ Բագրատիոնի տոհմից էին. ա. Արչիլ Երկրորդ (վրաց. არჩილი II, 1647—1713) — թագավոր Իմերեթիայի (1661—1663, 1678—1679, 1690—1691, 1695—1696, 1698) և Կախեթիայի (1664—1675), որ սիրերգու բանաստեղծ էր և Քարթլիի Վախթանգ Հինգերորդ թագավորի որդին, ով նաև Մոսկվայի վրացական գաղութի հիմնադիրներից էր բ. Իրակլի Առաջինը (վրաց. ერეკლე I,Նազարալի-Խայ; 1637 կամ1642 — 1709) — Քարթլիի թագավոր (1688—1703), Կախեթիայի թագավոր (1703—1709). արքայազն Դավթի (1612—1648) և Ելենա Դիասամիձեի որդին(մահ. 1695), Քարթլիի ու Կախեթիայի թագավոր Թեյմուրազ Առաջինի թոռը: Ոչ բարդ պատմագիտական ուսումնասիրությունից էլ կարելի է եզրակացնել, որ ավելի հավանական է Իրակլիի թեկնածությունը, քանի որ ապագա ցարի սերմնավորման հետ կապված դավադրության ժամանակագրությունը համընկնում է վերջինիս` Մոսկվայում գտնվելու ժամանակի հետ, մինչդեռ Արչիլը Մոսկվա էր տեղափոխվել միայն 1681 թվականին: Արքայազն Իրակլին Ռուսաստանում հայտնի էր Նիկոլայ Դավիդովիչ անունով, համարվում էր Ալեքսեյ Միխխայլովիչի մտերիմը, ով նույնիսկ ցարի և Նատալյա Նարիշկինայի հարսանիքին խաչեղբայրություն էր ստանձնել: Սակայն, ինչպես երևում է վրացի իշխանազունը ոչ միայն կնքահայր է եղել նորապսակ զույգին, այլ նաև այլ հարցում ևս օգնել է բավականին թույլ առողջություն ունեցող ցարին, բացի գահաժառանգի անունն ընտրելուց որպես վերջինիս ապագա կնքահայր: Ամեն բան ընթացավ ըստ պլանավորվածի: 1672-ին Իրակլին կատարեց իր պարտքը որպես կնքահայր ու նորածին գահաժառանին տվեց Պյոտր անունը, իսկ երկու տարի անց`1674-ին հեռացավ Ռուսաստանից` բազմելով Կախեթիայի գահին, իհարկե այդ ընթացքում ընդունելով իսլամ հանուն այդ նույն գահի:

-- շարունակելի --

Արման Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին