▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները վատատես են ընտրությունների ելքի վերաբերյալ. պետք է փոխել այդ մտածելակերպը. Չալաբյան

Նախընտրական գործընթացներում արդեն կան լուրջ չարաշահումներ։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ ներկայացնելով նախընտրական քարոզարշավի ընտրախախտումները։

Չալաբյանը հայտարարեց՝ վճռական են տրամադրված, իրենց դիտորդներն առավելագույն ապահովվածություն են ունենալու մայրաքաղաքի բոլոր ընտրատեղամասերում, լինելու են առավելապես նախկինում խնդրահարույց վայրերում, որտեղ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել։

Հասարակական-քաղաքական գործիչը հիշեցնում է երևանցիներին, որ իրենց քվեից է կախված, թե ինչպիսի Երևան ու մայրաքաղաքային իշխանություն են ունենալու, իսկ իրենք դիտորդական առաքելությամբ կհետևեն, որ ընտրությունները թափանցիկ և արդար անցնեն։

Ավետիք Չալաբյանը նկատում է՝ քաղաքացիները վատատես են ընտրությունների ելքի վերաբերյալ, ասում է՝ պետք է փոխել այդ մտածելակերպը։

«Քաղաքացիների շրջանում  հոռետեսություն է  տարածված, որ իշխանություններն են միշտ ընտրություններում հաղթում, բայց դա այդպես չէ․ բազմաթիվ  խոշոր քաղաքներում հաղթել են ոչ իշխանական ուժեր։ Այսօր քաղաքացիները  լայն ընտրության հնարավորություն ունեն, 14 տարբեր ուժեր կան առաջադրված, փաստացի ունեն ընտրության լայն հնարավորություն, թեև կարող է ոչ իդեալական լինեն, բայց բացարձակ  կրիտիկական է, որ քաղաքացիները սեպտեմբերի 17-ին գնան ընտրատեղամասեր և սեփական քվեով ձևավորվեն քաղաքային իշխանություն՝ այսկերպ ամրապնդելով ժողովրդավարությունը, որն այսօր հարվածի տակ է»,- ընդգծեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողը։

Դիտորդական առաքելության շտաբի պետ Մենուա Սողոմոնյանն էլ շեշտեց՝  Երևանի ավագանու ընտրություններում չպետք է թույլ  տալ ժողովրդավարական գործընթացների բռնի անհետացումը։ Նրա ներկայացմամբ՝ իրենց ուշադրության կենտրոնում քվեարկության ընթացքին հետևելն է լինելու, դիտարկելու են նաև  ձայների հաշվարկի ընթացքը։ Արդեն իսկ նախաձեռնությունը մտահոգիչ նշաններ է տեսնում։

«Ազդանշանների թվում ես երկուսը կառանձնացնեմ՝ մարզային բնակավայրերի բազմաթիվ քաղաքացիներ գրանցումներից հանում են և գրանցում են Երևանում, սա նշանակում է, որ խնդիրներ են առաջանալու  լրացուցիչ ցուցակների հետ կապված։ «Տասովչիկներն» այս պահին լծված են հավաքագրման աշխատանքներին և ուղղորդում են»,- ասաց Սողոմոնյանը։

Ամփոփելով՝ նա հայտնեց, որ ՔՊ-ն իր ռեսուրսներով և վարքագծով խիստ անհավասար պայմաններ է ստեղծել քաղաքական ուժերի մրցակցության համար։ Չարաշահումներն էլ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին