▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքի մասին երգելու համար պետք է «գեղցի» չլինես. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը միշտ էլ տարբերվել է, ոչ միայն իր մատուցած երաժշտության, այլև իր հնչեցրած մտքերի շնորհիվ:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նա անկեղծացել է իր ոչ արտիստ լինելու, քաղաքացիներին «գեղցիներից» տարբերելու և շոու-բիզնեսի ներկայացուցիչների ծիծաղելի լինելու մասին:

-Տարածված կարծիքի համաձայն Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցները նախընտրում են 6/8 լսել: Հետաքրքիր է,  ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հայկական ռեգգիով գրավել  Մոսկվայի հանդիսատեսին: (Հիշեցնենք, որ  «Ռեինկարնացիա»-ն ապրիլի 19-ին Մոսկվայում մենահամերգով է հանդես գալու)

-Եթե մենք ինչ-որ մի բանով գրավել ենք, ուրեմն դա անկեղծությունն ու հայկական լինելն է, իսկ երաժշտության ոճը ու դրա 6/8 լինելը որևէ կապ չունի: Կարևորը երաժշտությունը որակյալ լինի:

-Արտիստներից հաճախ ենք լսում այդ տեսակետը, որ իրենք հանդիսատեսին գրավել են հենց անկեղծությամբ: Ի վերջո, կբացատրեք ի՞նչ ասել է արտիստի անկեղծություն:

-Ես արտիստ չեմ, ես երևանցի տղա եմ, որն ունի սկզբունքներ, իր գաղափարները կիսող շատ մարդիկ: Ես ոչ մեկի սիրտը գերելու կամ ինձ գովազդելու կարիք չունեմ:

-Իսկ որո՞նք են այդ երևանցի տղայի սկզբունքները և գաղափարները:

-Հիմա եթե ես բացատրեմ, թե ինչ է ինձ համար անկեղծությունը, դա արդեն ԱՐԺԵՔԻՑ կվերածվի ԻՆՉ-ի, իսկ դրանք  տարբեր բաներ են: Նույն ձևով չեմ կարող բացատրել,  թե ինչ է ինձ համար սերը կամ երաժշտությունը:

-Այդ դեպքում, եթե ցանկանում էիք սովորական երևանցի տղա մնալ, ինչո՞ւ ձեր երաժշտական գործունեությունն  ավելի մասսայական դարձրեցիք:

-Մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է հիշեցնենք, թե ով ենք եղել, որտեղից ենք եկել ու որտեղ ենք գնում, որովհետև այսօր դա շատ մեծ խնդիր է: Իսկ մասսայականությունը լավ թիմի ու հանուն նպատակի աշխատելու արդյունքն է: Մարդկանց պարզապես դուր է գալիս և հոգեհարազատ է այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: 

-Ձեր հարցազրույցներից կարելի է ենթադրել, որ շոու-բիզնես ասվածին  վատ եք վերաբերում: Նույնիսկ ասել եք, որ  չեք ցանկանում դրա մասին խոսելով Ձեր բերանը կեղտոտել: Ի՞նչն է Ձեզ այդքան նյարդայնացնում շոու-բիզնեսում:

-Ծիծաղելի են, որովհետև եթե ծիծաղելի չլինեին տխուր կլինեին:

Շնորհիվ Մահարիշի Մահեշ Յոգի ինձ ոչինչ այս կյանքում չի նյարդայնացնում, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ: Ես նույնիսկ չեմ նախըտրում սուտը, ոչ օրգանիկը և վատը:

-Կա՞ն փակ թեմաներ, որոնց մասին կցանկանայիք երգի միջոցով տեղ հասցնել հանդիսատեսին, սակայն չեք անում, որովհետև հանդիսատեսը դրան դեռ պատրաստ չէ:

- Ինձ համար փակ թեմաներ չկան, ես խոսում եմ այն ամենից, ինչի մասին մտածում եմ ու  հենց դրանով էլ պայմանավորված է իմ եսը: Հանդիսատեսը միշտ պատրաստ է, մնում է լավ բան տանք:

-Ձեզ անվանելով երևանցի տղա`ասել եք, որ Երևանն այլևս այն չէ: Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում, և արդյո՞ք այդ հոգեվիճակն ազդում է Ձեր երաժշտության վրա:

-Ինձ հիասթափեցնում են Երևանի մասին սուտ երգերը, որոնք մի քանի տոննայով են գալիս: Ցավոք սրտի, նույնանման բան էլ կա Երևանում ապրող մարդկանց մեջ: Մնացած առումով Երևանը նույնն է, մարդիկ են տարբեր:

- Ի՞սկ այդ մարդկանց կողքին ապրել և այդ մարդկանց համար ստեղծագործելը հեշտ է:

-Քաղաքի մասին երգելուց առաջ պետք է առաջինը քաղաքացի, ոչ թե «գեղցի» լինես:

Ես այլևս այդ մարդկանց կողքին չեմ ապրում, հիմա գյուղում եմ բնակվում և այդ ամեն ինչին հեռվից եմ նայում, որ աչքերս փուշ չմտնեն: Իսկ այդ մարդկանց կողքին ապրելը նույնիսկ հետաքրքիր է,  որովհետև եթե իրենք չլինեն կինոն հետաքրքիր չի լինի, բացի դրանից նրանց շնորհիվ գրելու թեմա ենք ունենում:

-Ու հեռվից նայելով ի՞նչ եք տեսնում: Կինոյի հերոսները ինչպիսի՞նն են հեռվից:

-Ես բոլորի համար եմ ստեղծագործում` մարդկանց ովքեր մարդ են և մարդկանց, ովքեր դեռ չգիտեն, որ իրենք մարդ են:

-Եվ վերջին հարցը: Դուք բավական կտրուկ եք Ձեր դիրքորոշումներում: Արդյո՞ք երբեմն չեք մեղադրվում, որ Ձեր հնչեցրած համարձակ մտքերի պատճառով ուղղակի փորձում եք Ձեր անձի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել:

-Մենք միշտ օգտագործում ենք մեսիջը (հաղորդագրություն) ճիշտ տեղ հասցնելու բանաձևը:

 Իսկ թե  ինչ միջոցներով,  դա արդեն ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Կարևորը լսողը շատ լավ տարբերում է թացը չորից, թող ոչ մեկ չասի, որ ինչ տաս դա էլ «ուտում է» ժողովուրդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին