▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիչ եմ արել, այսքան զոհերից հետո ո՞նց հանգիստ ապրեմ». Փաշինյանին հովանոցով հարվածած կինը չի փոշմանում

«Անձրևանոցով հարվածել եմ, լավ եմ արել. թշնամին Տեղ գյուղում է, ինքը ասֆա՞լտն է ստուգում»,-ԱԺԲ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իսկ Մեդիահաբի հետ զրույցում էլ Նարինեն ասել է, որ այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ 

«Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։ Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,- ասել է նա։

Նարինե Ասատրյանը մանրամասնել է, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։

«Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց, կարծես թե, չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,- ասել է  բերձորցի կինը։

Վերջինս պատմել է նաև, որ 2003 թվականից է ընտանիքով Բերձոր տեղափոխվել և իրենց տունը լքել են նախորդ տարի օգոստոսին, վերաբնակվել Մալիշկայում։

Կնոջ խոսքով՝ արածի համար չի զղջում, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն չի բացառում, որ գործն այլ ընթացք կունենա։

«Չի բացառվում, որ կազատազրկվեմ, բայց մեկ է՝ չեմ փոշմանում. արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել։ Ամեն զոհի մասին, որ ես լսում եմ, ո՞նց հանգիստ իմ կյանքին անցնեմ։ Իմ երեխեքն են բոլորն էլ, ի՞նչ տարբերություն, մեծ լինի, փոքր լինի, իմ ազգն է»,- ասել է Նարինե Ասատրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին