ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։
Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։
Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասել է նա։
Պեսկովը հավելել է նաև, որ 2020–ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։