ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղղված դիմումը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրելն այլ դատավորին` մերժվել է: Այս մասին տեղեկանում ենք Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից:
«Էս էլ 4 օր մտածված, գրված պատասխանը»- գրել է Խուդոյանը եւ հրապարակել Արթուր Մկրտչյանի մերժման տեքստը:

Դատարանի նախագահն իր որոշման մեջ նշել է, որ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում:
Սա նշանակում է, որ դատավարության մասնակիցները պետք է սպասեն դատավոր Դանիբեկյանի առողջանալուն՝ միջնորդությունը ներկայացնելու համար: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե դատավոր Դանիբեկյանը երբ կնշանակի դատական հաջորդ նիստը:
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։


