▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են. ՀՔԱՎ

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին: Ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունից ուշագրավ հատվածներ: Ինչպես նկատում ենք 2018 թ. մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությունից, դատապարտյալները մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին մշտապես առաջարկել է զբաղվել թղթախաղով, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ վերաճել է վիճաբանության:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Գ. Ա.-ն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ այլ խուց տեղափոխվելու հարցով, սակայն ղեկավարության հորդորով խնդրել է կասեցնել դիմումի ընթացքը և ստիպված շարունակել է բնակվել Դ. Խ.-ի հետ նույն խցում: Վիճաբանության  օրն էլ, մեղադրական եզրակացության համաձայն, առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել մինչև քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանի հայտնվելը: Վերջինս ՔԿՀ ծառայողներին հորդորել է հեռանալ՝ պնդելով, որ «ինքնուրույն կզբաղվի խնդրով»: Ա. Հայրապետյանը ոչ միայն ստանձնել է «խնդիրը լուծելու» լիազորությունը, այլև փորձել է  այն լուծել իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Դ. Խ.-ի օգտին: Իր համախոհների հետ նա նախ առանձնացրել է Գ. Ա.-ին իրենց խցում՝ պատճառաբանությունները լսելու պատրվակով, ապա Դ. Խ-ի հետ զրույցից հետո նրա հետ ներս է մտել խուց, որից հետո կշտամբել է, որ ընկերոջ հետ Գ. Ա.-ն վիճաբանել է, և ներկաների համաձայնությամբ Դ. Խ.-ն հարվածել է Գ. Ա.-ին՝ հասցնելով ծանր մարմնական վնաս: Ապա շարունակել են հարվածել մյուս ներկաները և ուշադրություն չեն դարձրել Գ. Ա.-ի՝ ծեծը դադարեցնելու հորդորներին, քանի որ ծանր վնասվածք էր ստացել:

 

 

 

 

 

 

 

Միջադեպից հետո Գ. Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Չնայած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են նաև քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու վերջինիս համախոհները, նրանց մեղադրանք առաջադրված չէ: Քրեական հեղինակություններին արտոնություններ տալու և անպատժելի հռչակելու նախկին արատավոր պրակտիկան շարունակում է գործել նաև Նոր Հայաստանում: Մի կողմից ՔԿՀ ծառայողներն են լուռ ենթարկվում քրեական մշակույթի կանոններին ու քրեական աշխարհի ներկայացուցիչներին, մյուս կողմից՝ իրավապահներն են զերծ մնում նրանց իրավական դաշտ բերելուց: Փաստն այն է, որ դատապարտյալը ծեծի է ենթարկվել ՔԿՀ ծառայողների թողտվությամբ, ինչ արձանագրված է նաև մեղադրական եզրակացության մեջ: Բացի դրանից՝ ՔԿՀ ղեկավարությունը իր անգործությամբ կամ գործողություններով նպաստել է նման իրավիճակի ստեղծմանը՝ դատապարտյալի բարձրացրած խնդրին ընթացք չտալով, ավելին՝ նրան հորդորելով, որ հրաժարվի դիմումից: Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ այս քրեական գործից անջատվել է մաս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների գործողությունների, իրականում՝ անգործության վերաբերյալ, սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ ՔԿՀ-ի աշխատակիցների ակնհայտ անգործությունը անմիջական ազդեցություն է ունեցել ազատազրկված անձանց միջև հարաբերությունների լարվածության վրա:

Փոխանակ իրականացնեն օրենքով սահմանված իրենց լիազորությունները, միջոցներ ձեռք առնեն կանխելու հնարավոր լարվածությունը կանխելու ուղղությամբ, «ռազբորկայի» ինստիտուտն են գործի գցում «զոն նայողի» միջոցով: Վերը նկարագրված երևույթը դրսևորվել է նախկինում և «զոն նայողների» ինստիտուտը շարունակում է գործել ու անպատժելի մնալ նաև Նոր Հայաստանում: Այն, որ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ դեպքերի նկարագրությունը իրականության հետ իրական առնչություն չունի, դրան կանդրադառնանք դատաքննության ընթացքում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնելու է Դ.Խ.-ի իրավունքների պաշտպանությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին