▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեգիստրում գրվա՞ծ ա՝ ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը. Նիկոլ Փաշինյանը՝ նախարարին

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Վերջինն ընդգծեց, որ փոփոխությունը կապ չունի հսկողություն իրականացնելու հետ, այլ անվճար տրամադրվում են ռեգիստրի տվյալները: Վարչապետը հարցրեց. «Այսինքն, մուտքի հնարավորություն ենք տալիս լրատվամիջոցներին, ասում ենք՝ մտնելուց առաջ պետք է ID քարտ օգտագործե՞ք»: «Սկզբում աղմուկ էր առաջացել հայտ ներկայացնելու մեխանիզմի հետ կապված, քանի որ պետք է համոզված լինեինք, որ լրատվամիջոցի հետ գործ ունենք, ոչ թե պատահական անձի»,- արձագանքեց Բադասյանը: «Ռեգիստրում գրվա՞ծ ա՝ ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը... Լավ չի, հեսա կասեն՝ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին»,- կատակեց Փաշինյանը:

Հավելենք, որ թեմայի հետ կապված արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագծերի փաթեթն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը:
Այն արտոնություն է սահմանում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս։ Նշված արտոնությունը կայանում է նրանում, որ նախագծերի փաթեթով սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը հայտ ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկատվությունն անվճար ստանալու հնարավորություն։ Նշեմ, որ ներկայում լրատվական գործունեություն իրականացնողները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանից տեղեկատվություն ստանալու համար վճարում են պետական տուրք։
Նախագծերի փաթեթով նաև ընդլայնվել է «զանգվածային լրատվության միջոց» եզրույթի հասկացությունը՝ դրանում ընդգրկելով համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեություն իրականացնողներին։
Նշեմ, որ այս բարեփոխումը բխում է ՀՀ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 51.2-րդ կետից, և անվճար տեղեկության տրամադրման որևէ սահմանափակում չենք նախատեսել, տեղեկության ծավալը չենք սահմանափակել էջերով, սահմանվել է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տալու կարգը՝ այդպիսով նախատեսելով առավել լայն երաշխիքներ ազատ մամուլի զարգացման համար։
Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և ընդհանրապես մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին