Ռոբերտ Քոչարյանն այսօր իր խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ երկու ժամ ելույթ է ունեցել: Նիստի ավարտին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Քոչարյանը մասնրամասն ներկայացրել է 2008 թվականին տեղի ունեցած այն իրավիճակը, որը ստեղծվել է փետրվարի 23-ի դրությամբ:

«Քոչարյանի խոսքով՝ այդ օրերին՝ տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայիննները միանան ցուցարարներին։ Խոսվում էր, որ նրանց պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր։ ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին»,- ասաց նա։
Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։
«Նա ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։
«Պարոն Քոչարյանն իր ելույթում հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որեւէ արտառոց բան չկա, որ պետք է այդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձեւով։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը եւ նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ իր մոտ ունենա ու պահի», - ասել է պաշտպանը:

Հարցին, թե ստացվում է՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա է բարդվում մեղքը՝ հրաման ստորագրելու ու դրա մասին չտեղեկացնելու համար, Ալումյանը պատասխանել է. «Իմ համոզմամբ՝ նշված հրամանը իր մեջ չի պարունակում որեւէ մի դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ։ Ձեզ այդ հրամանի մասին բացարձակ ապատեղեկացրել են։ Էնպես չի, որ պաշտպանության նախարարը հրաման արձակի, հետո զանգի՝ ասի՝ շեֆ, նման բան եմ արել»,– ասել է նա՝ ընդգծելով, որ այդ հրամանի մեջ չկա մի բան, որի համար ոչ միայն քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկվել, այլև՝ ամաչել։


