Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս տեղեկությունը հաստատել են ՔԿՀ լրատվական ծառայությունից: Քոչարյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ հետազոտություն անցնելու նպատակով և հետազոտությունից անմիջապես հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։

Հիշեցնենք, որ երեկ Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված էր.
«Սիրելի Հայրենակիցներ`
Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբրև «ինձ է դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով: Եվ անգամ ես այդ հարցով խորհրդակցել եմ Ամենայն Հայոց Հայրապետի հետ» (մեջբերումը հրապարակումից):Հրապարակվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և տգեղ փորձ է ինչ-ինչ նկրտումներով ստվերելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բարի համբավը: Անընդունելի ենք համարում նման ձգտումները:

Զավեշտալին նաև այն է, որ ես, ներկայում գտնվելով արտերկրում արձակուրդում, նյութը կարդալուց հետո հարկադրված եմ իրազեկել մեր հայրենակիցներին ոչ հիմնավորված, չճշգրտված տեղեկատվության մասին: Իզմիրլյան բժշկական կենտրոնի ողջ թիմը կազմված է բարձր պրոֆեսիոնալներից, իսկ դա նշանակում է, որ.
· Մենք, որպես բժիշկ, բացարձակ ապաքաղաքական ենք և մեզ համար միևնույն է, թե ով է մեր առջև,
· Երբեք չենք կարող զբաղվել կեղծարարությամբ,
· Մեզ համար առաջնայինն ու ամենակարևորը հիվանդի առողջությունն է, անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և այլ պատկանելիությունից:
· Ցանկացած հիվանդի բուժման գործում պետք է դրսևորվի անմնացորդ նվիրում, արվի կարողությունների առավելագույնը:
Ես ինքս հոգևոր արժեքներ դավանող և հավատքի մարդ եմ: Անսահման հարգանք և խոնարհում տածելով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ` իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ինձ երբեք թույլ չեմ տվել նրա հետ քննարկել որևէ բուժական խնդիր, առավել ևս «սարքովի ինչ որ բան» մեր օգնությանը դիմած որևէ հիվանդի առնչությամբ:
Հայոց Հայրապետը, որքանով էլ որ հոգատար է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հանդեպ, շատ բարձր է այդպիսի խնդիրներից։ Իմ սիրելի Ժողովուրդ արժևորեք Ձեր պրոֆեսիոնալներին, բոլորին, անկախ մասնագիտություններից: Նրանք են մեր հասարակության հենասյուները»:


