▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի տասը զոհերի մասին

Այսօրվա դատական նիստում խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը: «Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը: Դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում: Ամբողջ գործում կա 2 նյութ՝ 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացնում եք ինչ էր կատարվում այդ ժամանակ ՀՀ-ում, և ամենակայացած կառույցը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ, այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս գործում կա որոշում՝ այդ քրեական գործի հարուցման մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ 3 հատորն ուղարկվել է Քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»,- նշել է Քոչարյանը:

Նա ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ ղեկավարն իրեն զեկուցումներ է ներկայացրել, սակայն տվյալ քրեական գործում այդ զեկուցումներից ոչ մեկը չկա: Նա նկատել է, որ այդ նյութերը կան այն հատորներում, որոնք իրենց չեն տրամադրվում քրեական գործի համար:

Անդրադառնալով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Ռ. Քոչարյանն ասել է, որ ինքը տպավորություն ունի, թե ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն ուներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին նախագահը պնդել է, որ հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ իրենց չտրամադրվող նյութերում կան այնպիսիք, որոնք հրապարակելու դեպքում հարցեր կառաջանան՝ այս գործով տուժողները նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ: Պնդումն իրարանցում է առաջացրել դահլիճում: Դատավորը հրահանգել է կարգի հրավիրել նիստի մասնակիցներին:

Քոչարյանը շարունակել է. «10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան, զոհվել են «Չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: Հայտնի են շրջանակաները, թե որ ոստիկաններն են զենքը կիրառել: Խնդիրն այն է, որ նաև հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը ո՞ր զենքի կրակոցից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը որ նստած է այստեղ, կապ չունի այդ դեպքի հետ: Եվ ակնհայտ է, որ դիտավորյալ սպանություն չէ, որովհետև ռիկաշետ է կպել նրանց: Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերն այս դեպքի հետ կապված չեն տրամադրվում: Որովհետև տրամադրվելու պարագայում ակնհայտ է դառնում, որ այդ գործով առնվազն 3 հոգի տուժող չի կարող համարվել: Եվ կան նմանատիպ այլ դեպքեր»,- հայտարարել է նախկին նախագահն ու  պնդել է, որ նյութերը չեն տրամադրվում դիտավորությամբ:

«Ունենք փաստարկների մի փունջ, որի պարագայում գործը ենթակա է կարճման»,- նշել է Քոչարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորել է ըստ էության խոսել:

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Մինչև հիմա ըստ էությա՞ն էր, ասեք՝ իմանամ նույն ոգով շարունակե՞մ»,- հակադարձել է Ռոբերտ Քոչարյանը: Դատավորը թույլատրել է շարունակել: Ռ. Քոչարյանը նկատել է՝ «Այնուամենայնիվ՝ լավ եղեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին