Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասն ազատեց կալանքից: 
Հիշեցնենք, որ դատարանը որոշումը կայացրել է դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
«Դատարանը մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան եւ 235 մլն դրամի նկատմամբ։
Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, եւ այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»,- ասվում է հայտարարությունում։


