ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը, և Ռ. Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար: Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ն արձակուրդ է ձևակերպել»։



