Ռուսական հումանիտար օգնությունը չի անցել Արցախ, այն կանգնած է Բարդայում
Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ու մանրամասնել․
«Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ:
Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները (նույն Հիքմեթ Հաջիևը) անում են հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել այս պայմանավորվածություններից: Օրինակ՝ «Caliber.az»-ը գրել էր, որ անգամ, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար: Հաջիևն էլ ասել էր, որ սա բարի ժեստ է իրենց կողմից, բայց դա չի փոխում իրենց նախկին դիրքորոշումը:
Հայտնի է նաև, որ Արցախում մի խումբ հայեր շարունակում են հսկել ճանապարհի մոտ՝ թույլ չտալու դրա գործարկումն անգամ ռուսական կողմի համար»:
|
Թարմացված․ Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- ասված էր հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմը երեկ ուշ երեկոյան չեղարկել է պայմանավորվածությունը` ասելով, որ միայն Աղդամով մուտքն է լինելու` բացառելով Լաչինի միջանցքի որևէ ձևով գործարկումը: Այս պայմաններում Արցախի իշխանությունները մերժել են նրանց այդ առաջարկը, և փաստացի այն բեռը, որը պետք է Աղդամով հասներ Արցախ` մուտք չի գործել տարածք: |


