▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը Վրաստանի «անցանկալի անձանց» ցուցակում է.Հուշարձանագետը՝ պատճառների մասին

2015թ-ի հոկտեմբերի 18-ին Սադախլոյի վրացական անցակետում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Վրաստան կատարած այցը խափանվել է։ Նա հայտնվել է Վրաստանի համար «անցանկալի անձ» ցուցակում:

«Հայտնի է, որ այնտեղ վիթխարի մշակութային ժառանգություն ունենք, ուստի իրականացնում էինք մեր հերթական ուսումնասիրական ճամփորդությունը: Դեռևս 2011 թվականին  SOS մշակույթ ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում էր Եվրախորհրդի կողմից,  Հայաստանի ու Վրաստանի մասնագետները պետք է ուսումնասիրեն երկու երկրների սահմանին մոտ գտնվող բնակավայրերի մերձակա հուշարձանները:

Այդ ծրագրից հետո, երբ այցելում էի Վրաստան,  ամեն անգամ 15-20 րոպե ձգձգում էին ստուգումը: Իսկ հոկտեմբերի 18-ին, երբ մեր ամբողջ խումբն արդեն անցել էր, մնացել էի ես ու այս անգամ ավելի շատ պահեցին, մոտ 35 րոպե: Հետո մոտեցավ անվտանգության աշխատակիցն ու ասաց, որ չեմ կարող անցնել, և այն հարցին, թե ո՞րն է պատճառը, ասացին, որ չեն կարող պատասխանել:

Հաջորդ օրը նամակ գրեցի ՀՀ-ում Վրաստանի դեսպանին ու մինչ օրս պատասխան չեմ ստացել: Նամակ հղեցի նաև ՀՀ ԱԳՆ-ին.պատասխանեցին որ բարձր են գնահատում իմ աշխատանքը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը վստահ է՝ իր գործունեությունն է Վրաստանի համար անցանկալի անձ դառնալու պատճառը.

«Դեռևս 1995 թվականին մի բրոշյուր հրատարակեցի, որտեղ 650 հայկական եկեղեցիների ցանկն էր՝ համառոտ տեղեկություններով: Սրանից հետո վրացական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե սա զեղծարարություն է.ի՞նչ է նշանակում 650 հայկական եկեղեցի՝ Վրաստանում: Վերջերս գիրք են հրապարակել, բայց հետին թվով, թե սրանք վրացական են: Անգամ նորացրել են բոլոր եկեղեցիների դարերը»,-նշեց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետն ահազանգում է՝ Վրաստանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականություն է վարում.

«Քերում են արձանագրություններն ու որմնանկարները, ձևում ու օծում վրաց սրբերից մեկի անունով»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին