▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթին քաղկալանավոր դարձրին հենց իշխանությունները

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ի իրադարձությունների մասին քանիցս գրել եմ՝ հաճախ արժանանալով նաև քաննադտությունների թե իշխանությունների, թե Շանթի որոշ պաշտպանների կողմից:
Այն, ինչ Շանթն ասում էր մինչև հայտնի իրադարձություններն՝ ինձ համար հասկանալի ու նաև ընդունելի են:
Ի վերջո, եթե կարճ ձևակերպենք, ակցիայի հիմքում՝ պայքարն էր ռուսական կայսերականության դեմ ու հանուն այն ազատությունների, որոնք հետևողականորեն ի չիք են դարձել իշխանությունների հետևողական քաղաքականության կողմից:
Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Շանթն այլ հռետորաբանություն ու վարքագիծ ընտրեր՝ նոր արժեհամակարգը հանրության սեփականությունը դարձնելու, ավելի մտավոր շերտերի իրենից չվանելու համար:
Նրա պայքարի գործիքները սխալ էին, ինչի գագաթնակետը դարձան նոյեմբերի 5-ի իրադարձությունները. Շանթը չպետք է թույլ տար, որպեսզի իշխանությունները սադրանքի դիմեն: Նրանք դա հեշտությամբ արեցին, որովհետև իր հարցազրույցներով Շանթն այդ առիթը տվել էր:
Մյուս կողմից, Շանթը, տվյալ իրավիճակում, անձնավորված երևույթ չէ, օրինակ, Հայկ Կյուրեղյանը հենց Շանթենց դատավարության մեկնարկի օրը շատ ավելի ծայրահեղ քայլի դիմեց՝ դարձյալ քաղաքական դրդապատճառներով:
Ասել կուզեմ, որ իշխանությունները պարտավոր են ոչ թե հետևանքի դեմ պայքարել, այլ՝ պատճառի:
Երբ վերացնում ես քաղաքացու քաղաքական ինքնադրսևորման լեգալ հարթակաները, ոչնչացնում ես ընտրական ինստիտուտներն, ապա դաշտ ես բացում պայքարի արմատական դրսևորումների առաջ: Ի դեպ, ՙՙարաբական գարնան՚՚ պատճառներից մեկը հենց սա էր:
Բայց քանի որ իշխանությունները մասնավոր շահեր են հետապնդում ու հենց այդ նպատակով էլ պայքարում են հետևանքի դեմ, հետևությունների անելու փոխարեն՝ կիրառեցին պատժելու ու հարկադրելու իրենց ռեսուրսը:
Շանթենց դատավարությունն արդեն լրիվ քաղաքական դարձավ, որովհետև ազատազրկված տղերքը դարձան այս երկրում այլընտրանքային տեսակետ արտահայտող սակավաթիվ մարդիկ:
Իշխանությունը պետք է փորձեր հասկանալ էս տղերքի ասածը, մեծահոգություն դրսևորեր ու տուգանքներով ազատ արձակեր նրանց՝ ՙՙվիրավոր միլիցեքի՚՚ հուզաճմլիկ ցուցմունքների հետևում թաքնվելու փոխարեն:
Սակայն իշխանությունն այնպես արեց, որ Շանթի անունն ասոցացվեց իրական ընդդիմության ու անկախության հետ:
Ոչ դեմոկրատական իշխանություններն այդ արժեքները չեն հանդուրժում, դրանց կրողներին հալածում են ու ուրբաթ օրը կարդացված դառավճիռը դրա վկայությունն է:
Դա դատավճիռ չէր, քաղաքական վրեժխնդրության սովորական դրսևորում էր՝ անհամաչափ պատիժով:
ՙՙՔաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ՚՚:
Սա մեջբերում էր ԵԽԽՎ հայտնի 1900 բանաձևից, որը սահմանում է ՙՙՔաղբանտարկյալ՚՚ հասկացությունը:
Իշխանությունները կարող էին դասեր քաղել նոյեմբերի 5-ի իրադարձություններից, որպեսզի բոլորս անընդունելի համարեինք Շանթի պայքարի մեթոդները, սակայն իշխանությունները գնացին Շանթին ու մյուսներին քաղբանտարկյալ դարձնելու ճանապարհով՝ բոլորիս ապացուցելով, որ էս տղերքն անցյալ տարի նոյեմբերի 5-ին այլընտրանք չեն ունեցել:

 

Սուրեն Սուրենյանց 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին