Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք եւ այս իրավիճակը չէր ստեղծվի: Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:
««Հանրային ձայն»-ը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու, Թեւանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, ինչ 3-րդ կա իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ: Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»,-ասաց նա:
Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել են, որ կբոյկոտեն ավագանու նիստը, քանի որ հնարավոր չէ 31 ավագանու անդամով ընտրել ընդդիմադիր թեկնածու, իսկ ավագանու նիստը բոյկոտելու դեպքում քաղաքապետ չի ընտրվի եւ նոր ընտրություններ տեղի կունենան: