Ընդամենը պետք էր, որ թուրքական որևէ լրատվամիջոց թուրքամետ մի նյութ հրապարակի ակնհայտ խեղաթյուրումներով, ու համացանցի հայկական սեգմենտը միանգամից, ինչպես կասեր Վարդան Պետրոսյանն այնպես կմիավորվեր ընդդեմ այդ նյութի, որ նույնիսկ Ավարայրի ճակատամարտի ժամանակ էլ Վարդան Մամիկոնյանը կերազեր իր բանակում կամ իր ճամբարում նման միասնականություն տեսնել:
Հենց երեկ ունեցանք ամենաթարմ օրինակը, երբ լրագրող Դավիթ Վարդազարյանը բարձրաձայնեց մեծ շանսոնյե և մեծ հայ Շառլ Ազնավուրի հարցազրույցի մասին` տրված թուրքական Posta թերթին, որը հրապարակվել էր վերջինիս նոյեմբերի 2-ի համարում: Եվ միանգամից համացանցահայությունը, մոռանալով որ խոսում է ՇԱՌԼԻ և ոչ ասենք Ջուսի, Շպռոտի, Նունե Եսայանի կամ մեկ այլ հայաստանյան «լոկալ աստղիկի» մասին, սկսեց իր համար արդեն կենցաղի մաս դարձած «քլնգոցին»: Միայն ժամեր անց ՍիվիլՆեթն այդ աղմկահարույց հարցազրույցը թարգմանեց հայերեն ու որոշ կրճատումներով, սակայն առանց խմբագրական միջամտությունների հրապարակեց: Ու պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես առաջին հայացքից ներկայացվեց ու գնահատվեց համացանցահայության կողմից, նույնիսկ այն դեպքում, երբ խնդրո առաջին բարձրաձայնող Դավիթ Վարդազարյանն իր բլոգում խնդրել էր մնալ մաքսիմալ կոռեկտության սահմաններում արտահայտելիք գնահատականների ու մեկնաբանությունների հարցում:
Ինչևէ: Հարցը ոչ այնքան Շառլի հարցազրույցն է, որքան գնահատականներն ու մեկնաբանությունները: Չեմ վարանի ասել, որ եթե նույնիսկ Շառլն ասած լիներ այնպես, ինչպես ներկայացվեց սկզբում, ապա նա դրա իրավունքն ուներ լիովին ու ով ով, բայց գոնե հայաստանյան լսարանից բացասական արձագանք չպիտի լիներ ու ունեցած դժգոհությունը պետք է արտահայտվեր սոսկ լռությամբ թեկուզ և միայն այն բանի համար, որ Շառլը Հայաստանի ու առհասարակ հայ ժողովրդի համար շատ ավելին ունի արած քան Հայաստանի երեք նախագահներն իրենց վարչակազմերով միասին վերցրած, ու այսօր այնպիսի մեծ հայորդիների շարքում է, ինչպիսիք ասենք Պողոս Նուբար փաշան է կամ Ալեք Մանուկյանը կամ Վազգեն Ա-ն:
Զարմանալի է այն, թե որքան շուտ կարող է մարդը մոռանալ դիմացինի` իր հանդեպ արած բարիքն ու ոչ այնքան բարյացակամ հարևանի բամբասանքային մակարդակի լուրը դարձնի հիմք ու սկսի ցեխ շպրտել վերջինիս վրա: Երևի ազգագրագետները պետք է նոր որակական գիծ արձանագրեն հայի նկարագրի ու ազգային կերտվածքի մեջ արդեն արմատավորված, այսքանից հետո` ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆ:
Այո, այո, ՀԱՅՆ արդեն սկսում է դառնալ երախտամոռ, քանի որ դեռ երեկ Շառլի շնորհիվ Հայաստան մտած հումանիտար օգնությունով սովից ու հիվանդություններից փրկված հայորդին այսօր քար է բարձրացնում կամ ցեխ շպրտում Շառլի վրա: Ինչ խոսք բավականին վտանգավոր իրականություն է սա ու բավականին մռայլ ու չարագուշակ ապագայի կանխատեսում, քանի որ վաղը Շառլին կարող են հետևել Քըրքորյանը, և ով իմանա գուցե մի օր էլ նույն ՀԱՅՆ այսօրվա ջանասիրությամբ ցեխ շպրտի Անդրանիկ Զորավարի կամ Վազգեն Ա-ի հիշատակների ուղղությամբ:
Ու այսքանից հետո էլ բացարձակապես անիմաստ ու անարժեք են դառնում ՀԱՅԻ մասին ազգային հայրենասիրական պաթոսով լցված ամեն մի խոսք կամ ճառ: Հին լատինական լավ իմաստուն խոսք կա` ասում է «Գործ և ոչ թե խոսք»:
Կարդացեք նաև Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրի սկանդալային հարցազրույցը