Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։

Հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Փաստաբան Արամ Վարդևանյանն, այս առիթով, լրագրողներին հայտարարել է.
Սահմանադրական դատարանը արձանագրեց և ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր չարաբաստիկ ՔՕ 300.1 հոդվածը: Սահմանադրական դատարանն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս իսկապես չարաբաստիկ հոդվածը: Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ես ցավում եմ, որ այս ամեն ինչն այսքան իրավական պրոցեսների դաժան ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց:
Նրա խոսքով՝ բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է:
«Աննա Դանիբեկյանը քրեկան հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է: Սահմանադրական դատարանի որոշման ուժով՝ արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին ընդունման պահից ի վեր ուժ չունեն, ենթակա են վերանայման: Քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք, սա Քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,-ասաց փաստաբանը:
Վարդևանյանը նշեց, որ ապօրինությունը որևէ մեկի շահերից չի կարող բխել: Նաև հավելեց, որ դեռ 2018 թվականից հայտնել էին՝ այս հոդվածը առհասարակ որոշակիություն չունի:
Հավելենք, որ ըստ Mediaport տելեգրամյան ալիքի, Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությանը մասնակցած ՍԴ բոլոր 8 դատավորները միաձայն կողմ են քվերարկել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն. Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի «Իմ քայլի» կողմից դատավորներ ընտրված Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ու Երվանդ Խունդկարյանը, ինչպես նաև ՍԴ նախագահ ընտրված Արման Դիլանյանը ևս կողմ քվերարկածների թվում են:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ նախկինում բազմիցս կարծիք է հայտնել գործի առնչությամբ: Ավելին, ըստ տեղեկությունների՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու Վահե Գրիգորյանը համատեղ քննարկումների արդյունքում են ժամանակին որոշել հենց այս հոդվածով մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին:


