Աստղագիտության զարգացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեռևս նախապատմական ժամանակաշրջանում հողից և քարից կառուցված աստղադիտարանները: Սիսիանի տարածքում գտնվող «Զորաց քար» կառույցը իր արտաքին տեսքով նման է Անգլիայի քարե մեգալիտային կառույցին, որին անվանում են «Սթոնհենջ»:
«Զորաց քար»-ում գիշերահավասարի և արևադարձի օրերին կատարված նախնական դիտումներն ու չափումները խոսում են այն մասին, որ այդ կառույցը ծառայել է աստղագիտական նպատակների համար: «Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության, Պարիս Հերունու կողմից աստղաֆիզիկոսի աշխատանքները առանց համաձայնության որպես իր աշխատանք ներկայացնելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:
Տիկին Պարսամյան, թերևս խոսենք կատարված բաղձալի երազանքի՝ պեղումների մասին: Ինչպե՞ս սկսվեց:
-Նախ, նշեմ, որ իմ հետազոտությունների բնագավառն է՝ Կոմետար, պլանետար միգամածությունների ֆիզիկա, բռնկվող աստղեր, T-Ցուլի տիպի աստղեր, ֆուորներ, սակայն, ինչպես գիտեք, ամբողջ կյանքում երազել եմ մեկ անգամ պեղումների գնալ: Գիտեի մեր հարևան երկրների հնագույն պատմությունը և օրերից մեկ օր՝ 1966 թվականին, քանի որ ամառ էր և շատ էի դիտումներ կատարում, դիմեցի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանին, թե կարո՞ղ ես ինձ մի տեղ ուղարկել պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր:
Եվ պեղումները սկսվեցին Մեծամորից: Մի հեքիաթային բան էր, նմանը չեմ տեսել: Մինչ ես պեղումներ էի կատարում, գետնի տակից դուրս էին եկել մեհյանի 7 գլուխները: Որ ես տեսա՝ ոնց որ հեքիաթ լիներ: Հետագայում չկարողացանք պահպանել և միայն հիմքն է մնացել: Այսինքն, ժամանակն իր դերը կատարեց. Պահպանելը դժվար էր:
Մի տղա կար, անունը՝ Վարդան, երևի 10-րդ դասարանցի կլիներ, ասացին, թե տար Էլմային «Փոքր բլրի» աստղերի նշանները ցույց տուր, որոնք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ:
«Փոքր բլուրը» 100 մետր հեռու էր հիմնական բլուրից: Մեծամորում տեսա աստիճաններ, որոնք միջօրեականի հարթության մեջ էին: Բազում նշաններ կային: Երբ որ ես տեսա աստիճանները և աստղի նշան, հասկացա, որ ծանոթ վիճակ է: Վարդանին ուղարկեցի կողմնացույց բերելու: Աստիճաններն ուղղված էին դեպի հարավ, անկյունի կիսորդը հյուսիս-հարավ ուղղությունն էր, ձախ կողմից աստղերի նշաններն էին, որոնք ես հետագայում հաշվեցի և ցույց տվեցի, որ այդտեղ մոտ մ.թ.ա 2500-2600 տարի առաջ հավանաբար կատարվել են առաջին դիտումները: Աստղագիտական մեթոդները կիրառելով ցույց տվեցի, թե որ աստղը կարող էր երևալ այդտեղից: Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և բնականաբար տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել.սկիզբ, վերջ..: Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը:
Եթե չլինեի աստղագետ, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել: Որ կանգնում ես այդ դիտողական հարթակի վրա՝ տեսնում ես հարավային ամբողջ երկրնակամարը, որտեղ ամենամեծ քանակությամբ աստղերն են ծնվում և մայր մտնում:
Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք «Զորաց քարեր»-ում:
-1984թ. երբ գնացի «Զորաց քարեր», ցուցանակի վրա գրված էր «Ղոշուն դաշ»: Տղաները սկսեցին կոտրել ցուցանակը, քանի որ թուրքերեն բառ էր: Իսկ այն թարգմանաբար նշանակում է «քարե զորք»: Երբ տեսա մեգալիտային կառույցը, միանգամից ասացի.
-Ախր սա «հենջ» է:
Նման մեգալիտային կառույցներ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ վայրերում: Որոշ մասը կապ է ունեցել աստղագիտության հետ:
Եվ, 1984թ.նոյեմբերի 25-ին «Զորաց քարեր»-ի վերաբերյալ հոդված գրեցի՝ «Անգեղակոթի առեղծվածը» վերնագրով (քիչ հեռու գտնվող գյուղի անունով, քանի որ թուրքերեն անվանումով չգրեցի): Ավելի ուշ իմացա, որ հուշարձանի՝ աստղագիտության հետ հնարավոր կապի մասին գրել է հնագետ Խնկիկյանը: Հետո ինձ զանգահարեց «Կոմունիստ» թերթի խմբագիրը և հայտնեց նոր անվանումը՝ «Զորաց քարեր»: Չգիտեմ՝ իր, թե մեկ ուրիշի կողմից ընտրված:
Ասում են, թե քարերի վրա արված անցքերը եղել են քարեըը տեղաշարժելու, անասուններին տեղափոխելու արդյունքում, որոշներն էլ պնդում են, թե սա զուտ աստղագիտական առումով է: Ի վերջո, «Զորաց քարեր»-ը կապ ունի՞ աստղագիտության հետ, թե ՝ ոչ:
-Հնարավոր է: Դեռ պարզագույն դիտումներ են արվել՝ Արեգակի, Լուսնի հետ կապված և ավելին դեռևս հայտնի չէ: Հայաստանն այնպիսի հնագույն պատմություն ունի, որ «մտածել» պետք չէ: Որոշ քարերի վրա, այո՛, կան կլոր անցքեր: Սա կարող է պատահականություն համարվել, ես չեմ պնդում: Ինչի համար են քարերի անցքերը. Դա կարելի է միայն ենթադրել:
Հնարավոր է, որ դիտել են Արեգակը՝ արևածագին և մայրամուտին կամ այլ երկնային մարմիններ:
Հնագույն աստղագիտության ուսումնասիրողներից Հոկինսը իր՝ «Սթոնհենջի առեղծվածը» գրքում անդրադառնալով «Զորաց քարեր»-ին՝ նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում լուսնային և արեգակնային օրացույցներ են եղել և այդ մասին կարող են խոսել արևելյան մասում գտնվող քարերի վրա արված անցքերը»:
Ենթադրվում է, որ Զանգեզուրի քարե օղակաձև կառույցները՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակ, նույնպես կարող էին օգտագործվել Արեգակի և Լուսնի աստղագիտական դիտումների համար:
Այնուհետև «Զորաց քարեր»-ն անվանեցիք Քարահունջ, ինչու՞:
-«Աշխարհում շատ կան «հենջ»-եր, այդպիսի մեգալիտիկ կառուցվածքներ, բայց մեր շրջակայքում չկա: Այդ իմաստով յուրահատուկ է Հայաստանը: 100-ներով եղած «հենջ»-երը աստղագիտության հետ կապ չունեն, 1 կամ 3-ը կարող են օգտագործված լինել դիտումների համար: 3-րդ, 2-րդ , 1-ին հազարակմյակներում քարերի նման կույտերն աշխարհում հայտնի են եղել: Դրա համար «Զորաց քարի» հուշարձանի տարեթիվը որոշելը մինչև այսօր, բացի հնագիտական մեթոդից , այլ մեթոդ չկա որոշելու համար: Այն տարեթիվը, որ տվել է Հերունին, չի կարող գործել: Նրանք օգտագործել են իմ մեթոդը, որն արել եմ Մեծամորի հնագուն հարթակների ժամանակաշրջանը որոշելու համար: Եթե վերցնում են անցքերը, թե ինչ լուսատու կարող էր երևալ, մոռանում են այն, որ այդ շրջանում երկրաշարժերը շատ են:
Մի փոքր աստիճան ուղղությունը փոխելով կարող են հազարամյակներ փոխվել: Եթե այդ մեթոդը գործեր՝ ինքս կանեի: Քարերից ոմանք ընկել են և մի փոքր շարժում՝ ամեն ինչ կփոխվի: Սա 4000 տարվա հուշարձան կարող է լինել՝ համաձայն հնագիտական տվյալների:
Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի «Զորաց քարերի» մասին. այն, թե ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: «Սթոնհենջ», «Սթոնհենջ»..մեկ էլ երկուսս էլ՝ «սթոն»՝ Քարահունջ: Այժմյան բառարաններում «հենջ»-ը թարգմանվեց կախված: Քարահունջ՝ հունջ-փունջ:
Իսկ Քարահունջը «Զորաց քարեր»-ից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:
Տիկին Պարսամյան, խոսեցիք Հերունու կողմից «Զորաց քարեր»-ին տարեթիվ տալու մասին, որն է՝ 7000: Բայց, որքան էլ չեք ցանկանում խոսել, կխնդրեի պատմեիք, թե ինչպես Ձեր աշխատանքները՝ կապված «Զորաց քարեր»-ի հետ, հայտնվեցին Պարիս Հերունու ձեռքում: Որքանով ես տեղյակ եմ` նրան այս ամենի մասին ինքներդ եք պատմել:
-«Զորաց քարերի»-ի մասին ես պատմեցի Բյուրականի աստղադիտարանում: Սակայն ամեն ինչ կիսատ թողեցի, քանի որ Մեքսիկա էի մեկնելու: Չնայած, հստակ որոշել էի՝ գալ և շարունակել ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ 1987թ, 4-5 հոգու , այդ թվում և Հերունուն, տարա, ցույց տվեցի, ուրախացան, թե այս ինչ հետաքրքիր է: Ասացի, որ գնում եմ Մեքսիկա, կազմակերպեք, վերևից նկարեք, բայց մտքովս չէր անցնի, որ ամբողջը աշխատանքս տալով ինչի կարող էի հանգել:
Մեքսիկայից գալիս եմ, միացնում եմ հեռուստացույցը, տեսնեմ՝ վարողը հաղորդումը սկսում է հետևյալ կերպ. Սենսացիա.., սենսացիա…
Ասում եմ՝ այս ի՞նչ սենսացիա է եղել Հայաստանում: Պարիս Հերունին Քարահունջի մասին է խոսում… Հետո հանդիպեցի իրեն և հարցրեցի՝
- Պարի՛ս, ինչո՞ւ անունս չնշեցիր,- ասաց, թե ժամանակ չտվեցին:
Երևի մտածել է, թե չեմ վերադառնալու…
Մինչդեռ ամերիկացի աստղագետ Հոկինսը այդ առիթով նամակ է գրել Վ. Համաբարձումյանին…
-Այո՛, Հոկինսը նամակ գրեց Վ. Համբարձումյանին՝ Մեծամորի, Քարահունջի մասին: Նամակում նշում է, որ պետք է ինձ ոգևորեն՝ շարունակել աշխատանքները:
«Համոզված եմ, որ «Սթոնհենջ»-ը միակը չէ, և Հայաստանում կարող է նման բան լինել»,-գրված էր նամակում: Ես սա էլ ցույց տվեցի Պարիսին, թե տե՛ս, ինչ հետաքրքիր բաներ է ասվում: Հետագայում անգամ սա, առանց իմ անունը հիշատակելու, զետեղեց իր գրքում:
Չնայած այս ամենին` դեռեւս Զորաց քարերում պեղումներ չեն իրականացրել, միայն ուսումնասիրել են: Նախատեսվում է, որ հայ-լեհական արշավախումբը եկող տարվա ամռանը կսկսի Քարահունջի պեղումները: Ինչպե՞ս եք վերաբերում այդ պեղումներին, Ձեզ առաջարկե՞լ են մասնակցել: Ընդհանրապես հայ աստղագետներ ընդգրկվո՞ւմ են:
-Ոչ…մեզ չեն էլ ասել: Բոլորը միայն գրանտի համար են:
Ցանկություն չունեցա՞ք շարունակել ուսումնասիրությունը:
-Ցանկություն ունեցա, որ տվեցի աշխատանքներս: Երբ վերադարձա՝ տեսա որ ողջ Հայաստանը գոչում է՝ Քարահունջ…
Անի Կարապետյան