Սերժ Սարգսյանը շարունակում է «անօթեւանի» կարգավիճակում մնալ եւ աջ ու ձախ ընկած իրեն հարմար առանձնատուն է փնտրում: Սերժ Սարգսյանի ընտրած տունը պետությունն անհատույց պետք է տրամադրի նրան կամ գնի, եթե այն պետության հաշվեկշռում չի գտնվում:
Սերժ Սարգսյանը պետության հաշվեկշռում առկա առանձնատները ուսումնասիրելուց հետո այժմ էլ մասնավոր սեկտորում է սկսել տուն փնտրել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցներն օրերս նրա համար առանձնատուն են փնտրել «Վահագնի» թաղամասում: Սակայն Սարգսյանը մեկ նախապայմանով է ցանկություն հայտնել այնտեղ տեղափոխվել եւ բնակության հաստատել:
Բանն այն է, որ նա ուզում է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում:
Ցանկության դեպքում այն կարելի է ցանկապատել, սակայն «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է:
«Հայկական ժամանակ»-ին «Վահագնի» թաղամասի վաճառքի բաժնից փոխանցեցին, որ հնարավոր չէ թաղամասի որեւէ հատվածում առանձնատունը պարսպապատել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում