«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին եւ հանդես է եկել ծավալուն ելույթով:
Առաջին հայացքից՝ դա գրեթե ամբողջությամբ նախընտրական ելույթ է՝ Հայաստանի զարգացման, ապագայի մասին տեսլականներով, ոլորտ առ ոլորտ կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախաձեռնությամբ:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել ապագայում, ինչպես ինքն է ասել՝ վաղը, տասը կամ քսան տարի հետո: Միանգամից ասենք՝ Սերժ Սարգսյանի ցանկացած Հայաստանն իդեալական երկիր է՝ երջանիկ մարդկանցով, բարեկեցիկ կյանքով, հավասարությամբ ու արդարությամբ: Դա այն Հայաստանն է, որի մասին երազում են բոլորը եւ որի մասին խոսում են բոլորն իրենց նախընտրական ծրագրերում: Բայց այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձեւակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող՝ իրականության հետ առաջին իսկ համեմատության, համադրության դեպքում:
Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին ներկայացնում է իր ելույթում, ապա դա հնարավոր է միայն արմատական, ծայրահեղ արմատական քայլերի դեպքում, ինչը ենթադրում է գործող իշխանության, պետական կառավարման համակարգի, քաղաքական ու տնտեսական էլիտայի նույնքան արմատական փոփոխություն:
Այլ կերպ ասած` հեղափոխություն՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով: Բայց նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասում է. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը եւ անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել»:
Իսկ դա նաեւ նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած տեսլականն իրագործելու «պատասխանատու բեռը» շարունակելու են կրել լիսկաները, շմայսները, սամվելալեքսանյաններն ու բոլոր մյուսները, որոնց մեծամասնության համար նախագահի երեկվա ելույթում ներկայացված գաղափարներն ու արտահայտությունները վերծանելու համար հատուկ մասնագետներ են պետք:
Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ «հակահեղափոխականության» մասին հիշատակումը Սերժ Սարգսյանն արել է համակարգը ցնցումներից զերծ պահելու հաշվարկով: Քանի որ հենց երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հեղափոխական քայլ է արել՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելով Գեորգի Կուտոյանին, ով, համենայնդեպս, չի ասոցիացվում այն համակարգի հետ, առանց որի կազմաքանդման՝ հնարավոր չէ ունենալ այլ որակի պետություն: Որքանով է երեկվա այդ նշանակման եւ Սերժ Սարգսյանի ելույթի համընկնումը պատահականություն, դժվար է ասել:
Պետք չէ բացառել, սակայն, որ այդպիսով Սերժ Սարգսյանը խոսքով դեմ արտահայտվելով հեղափոխականությանը՝ փորձում է գործնականում հեղափոխական քայլեր անել՝ դա սկսելով ամենակարեւոր համակարգերից մեկից՝ ԱԱԾ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում