▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը. «Ժողովուրդ»

ՀՀԿ խորհրդի` երեկ տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը, որը իր կոշտութամբ աննախադեպ էր եւ ուղղված էր իշխանական էլիտայի մյուս` ոչ իշխանական թեւի հիմնական խաղացողի` ԲՀԿ-ի դեմ, մատնեց իշխանությունների մոտ կուտակված զայրույթը:

 

Սերժ Սարգսյանի մոտ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ զայրույթը, ըստ ամենայնի, կուտակվել է դեռեւս անցած տարվա վերջից: Այդ ժամանակ արդեն որոշված էր, որ հունվարի 20-ին պետք է տեղի ունենար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է ընդունվեր նաեւ հռչակագիրը: Իշխանությունները պլանավորել էին, որ այդ միջոցառումը պետք է լինի քաղաքական դաշտի հիմնական իրադարձությունը: Սակայն դեկտեմբերի վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարի 20-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողով հրավիրելու մասին: Այնուհետեւ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով հանձնաժողովի նիստը 9 օրով հետաձգվեց եւ տեղի ունեցավ հունվարի 29-ին: Ծառուկյանի խորհրդաժողովը եւս հետաձգվեց: Սակայն այդ ընթացքում քաղաքական դաշտում, ի թիվս այլ հարցերի, օրակարգ եկան փոքր եւ միջին ձեռներեցների բողոքի ցույցերը: Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն էր այդ ցույցերին աջակցում: Մյուս կողմից Բերձորի դեպքերը տեղի ունեցան, որի կիզակետում հայտնված անձանցից մի քանիսը կապեր ունեն մեկ այլ կարկառուն ԲՀԿ-ականի՝ Վարդան Օսկանյանի հետ: Մի խոսքով, ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արել էին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գործընթացները, որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել, առ ոչինչ դարձնելու համար:

Այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ից 7-ը Մոսկվայում գտնվելիս հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին ընդունված է համարել Գագիկ Ծառուկյանի ոչ հրապարակային ղեկավար: Թե ինչ են խոսել Աբրահամյանը եւ Քոչարյանը, հայտնի չէ, բայց հաստատ այդ հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանին ներկայացվածը նրա զայրույթը ոչ թե մեղմեց, այլ կրկնապատկեց: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնել էր Մոսկվա եւ տեղում հանդիպել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ: Թերեւս մեզ հայտնի չէ այդ հանդիպումների բովանակությունը, սակայն, ակնհայտ է, որ դրանք եւս նպաստել են Սերժ Սարգսյանի զայրույթի ուժգնացմանը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կարող էր Ծառուկյանի հետ իր հարաբերությունները պարզել ավելի մեղմ եղանակով` ներքին կարգով: Բայց ո՛չ, նա նախընտրեց հրապարակավ հայտարարել, որ պատերազմ է սկսում: Ինչն արդեն իսկ ենթադրում է, որ այլեւս ետդարձի ճանապարհ չկա:

Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած պատերազմը Սերժ Սարգսյանը հիմնավորում է «քաղաքական դաշտը մաքրելու, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելու» անհրաժեշտությամբ: Սակայն, եթե իսկապես Սերժ Սարգսյանը ցանկանում է քաղաքական դաշտը մաքրել, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից, մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բազմաթիվ են անձինք, որոնք ամեն ինչ են բացի պատգամավոր եւ քաղաքական գործիչ լինելուց: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, եթե նման հայտարարություն է անում, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից:

Սերժ Սարգսյանը նաեւ խոստովանում է, որ տարիներ շարունակ ինքն է հովանավորել Գագիկ Ծառուկյանին, կամ այլ կերպ ասած՝ աճեցրել նրան: Սարգսյանը նաեւ հիշեցնում է ինչ-որ հարկերից խուսափելու, քրեական գործեր կոծկելու եւ ինչ-որ գաղտնի համակարգ ստեղծելու մասին: Պարզվում է՝ նրան տարիներ շարունակ հայտնի է եղել այդ ամենի մասին, բայց հետաքրքիր է, թե ինչու է նա նոր միայն հիշում: Սարգսյանի խոսքն այս տեսանկյունից յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է` իմանալ չհայտնելու կամ միգուցե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին:

 Ինչպես կհակադարձի Գագիկ Ծառուկյանը, եւ ինչպես կզարգանան իրադարձությունները, այս հարցերի պատասխանները մենք կսկսենք ստանալ հենց այսօվանից: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում էլ Գագիկ Ծառուկյանը կհրապարակի իր պատասխանը Սերժ Սարգսյանին: Ինչպես նաեւ լուր ստացվեց, որ կեսգիշերին Կիեւից հրատապ Հայաստան վերադարձավ Ռոբերտ Քոչարյանը: Եթե ճիշտ են լուրերը, ըստ որոնց՝ հենց Ռոբերտ Քոչարյանն էր Գագիկ Ծառուկյանին դրդում ակտիվանալուն, ապա նա ուղղակի պարտավոր է կանգնել իր ստեղծած կուսակցության թիկունքին: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ամեն ինչ կպարզվի:

Մեկ բան ակնհայտ է՝ ո՛չ Սերժ Սարգսյանը եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանն այլեւս չեն կարող նահանջել: Նրանցից մեկը պետք է լքի քաղաքական դաշտը եւ ընդմիշտ: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե այս երկուսից իրականում ում խոսքն է գործ:

Հեղինակ` ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին