Արցախում Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներնու զինակից ընկերները։
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:
Իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ կերտվել են մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:
«Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր»,- շեշտել է Արցախի Հանրապետության նախագահը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարցացեք նաև՝ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան. Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին