▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում էիր կյանքն ու քո կերպարով մյուսների կյանքն էլ էիր համոզիչ դարձնում

97թ. Էր: Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայոյանքախառն՝ «Իշխանության որևէ պայմանի չհամաձայնեք…» Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երևանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»: 

Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել:
Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով: Մնացիր վեհանձն, երբեք քենախնդիր չդարձար... 

Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր: Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»: Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում…Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով:

Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսների կյանքն էլ էիր համոզիչ դարձնում:
Քեզանով հայկական քաղաքական և, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը և քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու և կայացնելու համար… 
Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ:

Ռուբեն Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին